Հոկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Հերացու փողոցում թիվ 5 հասցեի դիմաց 64-ամյա Նորայր Մեջլումյանը իր վարած Volvo մակնիշի 34 D 001 AM համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով երիտասարդ տղա է` տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հետիոտնը փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նշված ավտոմեքենան հաշվառված է Բելառուսի Հանրապետության դեսպանատան հաշվեկշռում և սպասարկում է Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով դեպքի պահին եղել է ավտոմեքենայում: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել հետաքննիչ Արարատ Թևոսյանը ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: