Գագիկ Ծառուկյանը իր կուսակիցներին բացատրել է թե ինչու է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խոստացել, որ կհրաժարվի քաղաքական պայքարից, և թե ընդհանրապես ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հանդիպման ժամանակ:

Ծառուկյանը պատմել է, որ իրեն սպառնացել են. սպառնացել են իր ընտանիքին, սպառնացել են, որ եթե ինքը փողոց մարդ հանի, ապա լինելու են տասնյակ և հարյուրավոր զոհեր, և այդ զոհերի ամբողջ պատասխանատվությունը գցելու են իր վրա: Սպառնացել են, որ եթե Հայաստանում ներքաղաքական սրացումներ սկսվեն, ապա սրացումները մեխանիկորեն տեղափոխվելու են հայ-ադրբեջանական սահման, այնտեղ ևս զոհեր ենք ունենալու, և դրա պատասխանատվությունը ևս ընկնելու է իր վրա:

«Ես չեմ կարող այդքան արյուն վերցնել իմ վրա»,- իր կուսակիցներին ասել է Գագիկ Ծառուկյանը՝ փորձելով արդարացնել իշխանափոխությունից հրաժարվելու իր որոշումը: Ծառուկյանը բողոքել է նաև ՀԱԿ պահվածքից: Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետ ՀԱԿ խմբակցության կամ կենտրոնական գրասենյակի որևէ անդամ այդպես էլ որևէ դատապարտող հայտարարություն չհնչեցրեց: Ընդհակառակը, ՀԱԿ անդամները այս շրջանում ամենաանհասանելի քաղաքական գործիչներն էին մամուլի ներկայացուցիչների համար: Իսկ ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը Սերժ Սարգսյանին ԲՀԿ-ի համար ոչ միան անակնկալ է եղել, այլև ընկալվել է որպես թիկունքից դանակի հարված:

Ինչ վերաբերում է ԲՀԿ հետագա անելիքներին, ապա Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը շարունակելու է մնալ ԲՀԿ նախագահ և կշարունակի մնալ համանուն խմբակցության ղեկավար: Սակայն նա զգուշացրել է, որ ԲՀԿ-ն որոշ ժամանակ պետք է ակտիվություն չդրսևորի և ավելի պասսիվ քաղաքական դիրք գրավի: Առաջիկայում հանրահավաքներ կամ այլ հակաիշխանական միջոցառումներ ԲՀԿ-ի կողմից չեն կազմակերպվի, իսկ եթե կազմակերպվեն այլ ուժերի կողմից, ապա դրանց ԲՀԿ-ն չի մասնակցի: Մասնավորապես՝ ԲՀԿ-ն չի մասնակցի նաև մարտի 1-ին ՀԱԿ-ի կողմից կազմակերպվող հանրահավաքին, և ընդհանրապես՝ եռյակի ֆորմատը կդադարի գոյություն ունենալուց:

Ամենակարևոր հարցը սահմանադրական փոփոխությունների նկատմամբ ԲՀԿ-ի դիրքորոշումն է: Ըստ մեր աղբյուրի՝ ԲՀԿ-ն չի զբաղվի այդ փոփոխությունների գովազդով, սակայն մյուս կողմից՝ կդադարեցնի հակաքարոզչությանը և ավելի չեզոք դիրք կգրավի:

Արդյոք այս ամենը կարելի՞ էԳագիկ Ծառուկյանի համար խոշոր պարտություն և ԲՀԿ-ի ջախջախում համարել: Նայած թե որ տեսակետից մոտենանք հարցին: Մի կողմից՝ ԲՀԿ-ն հրաժարվում է իշխանափոխություն իրականացնելու գաղափարից, որը Գագիկ Ծառուկյանը փետրվարի 5-ին հռչակել էր իր կյանքի այս պահի ամենակարևոր խնդիր, բայց մյուս կողմից զիջումների է գնում նաև իշխանությունը՝ Ծառուկյանը մնում է ԲՀԿ նախագահ, այդպիսով մնալով քաղաքականության մեջ, նրան չեն զրկում պատգամավորական մանդատից, ԲՀԿ խմբակցության մասնատումը դադարեցվում է, և ԲՀԿ-ն պահում է իր ընդդիմադիր կեցվածքը, թեկուզ ֆորմալ առումով:

Բաց է մնում միայն մի հարց. ինչու է Գագիկ Ծառուկյանը համաձայնել հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, որ հետո էլ նրան սպառնային, և ինքն էլ տեղի տար այդ սպառնալիքների առջև: Բնականաբար, այդ հարցը որևէ մեկը նրան չի համարձակվել տալ, և այդ պարզ պատճառով մենք այդպես էլ չենք իմանա տվյալ հարցի պատասխանը:

1in.am