– Ինչպե ՞ս կգնահատեք վերջին մեկ ամսվա իրադարձությունները հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Որքանո՞վ է վիճակը մոտ նոր պատերազմին:
– Ես այնքան էլ չեմ հավատում, որ կարող է նոր պատերազմ լինել: Ներկայումս պատերազմը քարոզչական բնույթ ունի, իսկ իրական մեծ պատերազմը որևէ մեկի ծրագրերի մեջ չի մտնում՝ ո՛չ Հայաստանի ու Ադրբեջանի, ո՛չ էլ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի: Ամերիկացիներն ու եվրոպացիներն առանց այն էլ բազում խնդիրներ ունեն այլ տարածաշրջաններում: Ռուսաստանին ևս մեկ պատերազմ պետք չի, որովհետև հասկանալի չէ, թե ինչ է նա դրանից շահելու: Ղարաբաղը Աբխազիա չէ, ոչ էլ Դոնեցկ կամ Ղրիմ: Հանուն ինչի ՞ այստեղ կարելի է պայքարել:
– Այդ հարցի կապակցությամբ տարբեր վարկածներ են քննարկվում, որ, օրինակ, Ռուսաստանը կարող է օգտվել իրավիճակի սրացումից՝ իր զորքերը Ղարաբաղ մտցնելու և հակամարտության նկատմամբ ամբողջական վերահսկողություն սահմանելու համար, կամ զորքեր մտցնել Ադրբեջան, ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ վերջինիս Եվրասիական միության մեջ ընդգրկելու հարցով, խոստանալ Ադրբեջանին ինչ-որ աջակցություն ղարաբաղյան հարցում և այլն:
– Անդրադառնանք հարցերին կետ առ կետ: Կարելի է, իհարկե, զորք մտցնել հակամարտության գոտի Հայաստանից և տեղակայել այն Ղարաբաղի երկայնքով: Բայց այդ դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի մոռանալ Ադրբեջանի հետ որևէ համատեղ նախագիծ իրականացնելու մտադրության մասին: Դրանով նա հրաժեշտ կտա Ադրբեջանին, ինչը Կրեմլը երբեք չի անի: Ես նաև չեմ հավատում այն վարկածին, որ Ռուսաստանը կստանա համաձայնություն զորք մտցնել Ղարաբաղ Ադրբեջանի կողմից, նույնիսկ եթե Ռուսաստանը ինչ-որ բան խոստանա Ադրբեջանին: Ռուսաստանը ոչինչ չի կարող խոստանալ Ադրբեջանին, որովհետև նա պատերազմի և խաղաղության մոնոպոլիստը չէ այս գոտում և երբեք էլ չի եղել:
Բացի այդ, Մոսկվան ռազմական և քաղաքական լուրջ ռեսուրս էլ չունի: Հայաստանի կողմից հարձակման միջոցով Ադրբեջանին պատժելը նույնպես անիմաստ է, որովհետև Ռուսաստանին մշտապես անհրաժեշտ է ուժերի որոշակի հավասարություն, որը նա երբեք չի խախտի: Դա Ռուսաստանին պետք չէ, որովհետև Ռուսաստանն այս տարածաշրջանում ուզում է վերահսկվող լարվածություն այն չափով, որ միշտ կարողանա ցույց տալ իր նշանակությունը, հրավիրել Սարգսյանին և Ալիևին Մոսկվա և հաշտեցնել նրանց:
Իսկ վերահսկման հարցում Ռուսաստանը պետք է համագործակցի Մինսկի խմբի հետ: Եվ նկատեք, որ Մինսկի խումբն ու Ղարաբաղը միակ վայրն են, որտեղ Մոսկվան ու Վաշինգտոնը որևէ տարաձայնություն չունեն: Սա մի հարթակ է, որտեղ քննարկվում են շատ ավելի կարևոր հարցեր, քան ղարաբաղյան հարցն է, որը ես չեմ համարում այսօրվա ամենաթեժ և ամենաարդիական հիմնախնդիրը:
– Եթե պատերազմը ոչ ոքի պետք չէ, այդ դեպքում ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանն իր հարձակումներով, ագրեսիվ քաղաքականությամբ: Ադրբեջանցիներն արդեն կրակում են խաղաղ բնակիչների վրա հրթիռա-հրետանային համակարգերից:
– Այո, ճիշտ է: Մի կողմից՝ Ադրբեջանը բարձրացնում է խաղադրույքը: Նա անընդհատ պտտում է լարվածության թափանիվը, բայց, կարծում եմ, վերահսկում է իրավիճակը, որովհետև պատերազմը նրան պետք չէ: Ադրբեջանը պարզապես ցանկանում է խաթարել կամ կասկածի տակ դնել ստատուս քվոն:
Ստատուս քվոն Ադրբեջանի ծրագրերի մեջ չի մտնում: Ստատուս քվոյի ոսկրացումը ճակատագրական կարող է լինել Ադրբեջանի համար քարոզչական, ներքաղաքական և արտաքին քաղաքական դիրքավորման տեսանկյունից: Եվ այդ իմաստով Բաքուն միանգամայն տրամաբանական է իրեն պահում՝ միջնորդների և արտաքին քաղաքականության բոլոր խաղացողների ուշադրությունը հրավիրելով տեղի ունեցողի վրա: Այդպիսով նա ստիպում է ճնշում գործադրել Հայաստանի վրա: Ընդհանուր առմամբ նա հասնում է իր նպատակին: Ադրբեջանը միավորներ է վաստակում: Միանգամայն տրամաբանական է, որ լարվածությունը գնալով ավելանում է: Բայց Հայաստանն էլ, այսպես ասած, տակ չի մնում: Որքան փոխադարձ և երկկողմանի էր դիպուկահարների պատերազմը, նույնքան փոխադարձ ընթացավ դիվերսիոն պատերազմը: Այժմ էլ, ցավոք սրտի, դա վերածվում է հրետանային պատերազմի, որը նույնպես փոխադարձ է: Եվ ես չեմ ուզում միանշանակ պնդել, որ բոլոր սրացումների նախաձեռնողը բացառապես Ադրբեջանն է եղել, որովհետև այս լարվածությանը պատրաստ են երկու կողմերն էլ:
– Այսպիսով կողմերը բարձրացնում են խաղադրույքները: Բայց չէ՞ որ այդ դեպքում վաղ թե ուշ լարվածության աճը կհանգեցնի լուրջ էսկալացիայի:
– Գուցե իմ ասածը շատ ցինիկ հնչի, բայց ամեն դեպքում հրետանային մենամարտերից առայժմ շատ քիչ մարդիկ են զոհվել: Իսկ մենք գիտենք, թե ինչպիսին կարող է լինել իսկական հրետանային պատերազմը, որի հետևանքով զոհվում են տասնյակ, հարյուրավոր մարդիկ: Սրանք առայժմ եզակի երևույթներ են: Տվյալ դեպքում դրանք կապված են Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հետ: Կարծում եմ՝ Գլխավոր ասամբլեայից հետո ամեն ինչ կհանդարտվի: Ադրբեջանը կապում է այս լարվածությունը ԳԱ-ի հետ՝ նշածս հարցերը լուծելու համար:
Մյուս կողմից՝ Հայաստանը ևս բավարար պատճառներ ունի իր ռազմատենչ հռետորաբանությունը ցուցադրելու համար: Պարոն Սարգսյանը տվյալ իրավիճակում հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի, այլև ՀԱՊԿ-ի, առաջին հերթին` Ռուսաստանի անունից: Ընդհանրապես Սարգսյանը վերջին երկու տարիներին դարձել է այն հարմար մարդը, որը միջազգային հարթակներում բարձրաձայնում է հարցեր, որոնց մասին Մոսկվան ամաչում է խոսել: Եվ պարոն Սարգսյանը կարողանում է գործը գլուխ բերել: Իսկ նրա հայտարարությունը, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է, լիովին տեղավորվում է այդ համատեքստում:
– Իսկ դա ի՞նչ ուղերձ էր: Արդյոք դա նախազգուշացո՞ւմ էր Ադրբեջանին կամ էլ Մինսկի խմբի երկրներին, որ եթե քայլեր չձեռնարկվեն Ադրբեջանին զսպելու համար, Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը:
– Չեմ կարծում, որ բանակցությունների սեղանին ինչ-որ ճակատագրական բան կարող է լինել: Այն ամենը, ինչ այսօր կատարվում է, մանևրներ են սեղանի շուրջ: Փաստաթղթերը նախկինում էլ էին անիմաստ դրված բանակցությունների սեղանին, հիմա էլ: Դժվար թե ինչ-որ պաշտոնական դեմարշներ լինեն, որովհետև բոլորն էլ հասկանում են՝ եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը, դա կլինի բանակցությունների վերջը: Այժմ դա ձեռնտու չէ ոչ Մոսկվային, ոչ Վաշինգտոնին: Կարծում եմ՝ Երևանն այդպիսի քայլ չի անի: Այն, ինչ նա անում է, անշուշտ համաձայնեցված է Մոսկվայի հետ և որոշակիորեն համակարգվում է նաև Մինսկի խմբի համանախագահների հետ:
Մինսկի խմբի համանախագահների միջև հակասություններ չկան, որովհետև երբ Ուորլիքն ինչ-որ անսպասելի բան է ասում, որը կարող է առաջացնել Բաքվի և Երևանի դժգոհությունը, Մոսկվայից երբեք կտրուկ արձագանք չի լինում:
– Դուք համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ Բաքուն և Մոսկվան որոշակի իմաստով դարձել են դաշնակիցներ Մինսկի խմբի դիրքերը թուլացնելու հարցում, որովհետև դա երկուսին էլ ակնհայտորեն ձեռնտու է:
– Ինձ թվում է՝ Բաքուն և Երևանը միևնույն խաղն են խաղում: Նրանք փորձում են հավասարակշռել: Պետք եղած դեպքում նրանք բողոքում են Մոսկվային, մեկ այլ իրավիճակում՝ Մինսկի խմբին: Երբ պետք է, նրանք օգտվում են Մինսկի խմբի ձևաչափից, իսկ այլ իրավիճակներում Բաքուն և Երևանն օգտվում են ամերիկացիների կամ ռուսների հետ միակողմանի շփման հնարավորությունից: Այս ձևաչափերն ամբողջովին համատեղելի են, որովհետև ոչ մեկում, ոչ մյուսում սկզբունքային գաղափար չկա:
– Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում բանակցային գործընթացը հետագայում և ի՞նչ երաշխիքներ պետք է ստեղծել՝ ապագայում նմանատիպ բախումներից խուսափելու համար: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն, օրինակ, հայտարարել է, որ անհրաժեշտ է ստիպել Ադրբեջանին կնքել զինադադարի պայմանագիր նոր պայմաններով: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
– Դա կրկին հռետորաբանական վարժություն է, որովհետև Հայաստանում շատ լավ գիտեն, որ Ադրբեջանը չհարձակման մասին որևէ համաձայնագիր չի ստորագրելու: Հայաստանն էլ երբեք չի համաձայնի Ադրբեջանի պահանջներին:
Իսկ մնացածը՝ մարդկության պատժիչ սրի մասին հայտարարությունները, սպառնալիքները հակառակորդին երկրի երեսից ջնջելու մասին, կամ որ Բաքուն ստիպված կլինի վերանայել խաղաղության պայմանները, բանակցային գործընթացի կողմերի համար են, ոչ ավելին: