Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել գիտելիքի օրվա առթիվ:

«Գիտելիքի օրվա եւ 2015-2016 ուսումնական տարվա բացման առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում կրթության ասպարեզի նվիրյալ սպասավորներին, մեր սիրելի ուսանողներին եւ աշակերտներին:

Մեր ժողովուրդն առանձնահատուկ սեր ու ձգտում ունի դեպի կրթությունը եւ մեծ պատկառանք ու խոնարհում է տածում ուսուցչի եւ մանկավարժի հանդեպ, ովքեր անմնացորդ նվիրումով ծառայում են սերունդների կրթության եւ դաստիարակության վսեմ գործին: Մեր երկրի առաջընթացի ու զարգացման, մեր ժողովրդի բարօր կյանքի հաստատման համար առաջնային դեր ունեն կրթական մեր հաստատությունները, որ կոչված են ապահովելու արդի պահանջները բավարարող որակյալ կրթություն, սերմանելու հոգեւոր եւ ազգային արժեքներ մեր զավակաց հոգիներում, որոնց ձեռքերում է մեր ապագան: Ամենքիս առաքելությունն է կերտել ազնիվ, հայրենասեր ու հավատավոր նկարագիրը մեր զավակների, զորացնել նրանց մեջ պատասխանատվությունը ապագայի նկատմամբ եւ ամրապնդել Աստծո կողմից տրված շնորհները բազմապատկելու եւ ի շահ մեր երկրի եւ ժողովրդի գործադրելու հանձնառությունը:

Հայրական սիրով եւ օրհնությամբ մաղթում ենք, որ Երկնավոր մեր Տերը բազում հաջողություններով պսակի մեր սաների ուսումնառության ընթացքը եւ շնորհազարդի ու զորակից լինի մեր սիրելի մանկավարժներին եւ կրթության գործի բոլոր մշակներին իրենց նվիրական եւ պատասխանատու կոչման եւ առաքելության մեջ:

Թող մեր Տիրոջ` Հիսուսի Քրիստոսի աստվածային ամենառատ սերն ու շնորհները միշտ ձեզ հետ լինեն, ամեն»,- նշել է կաթողիկոսը։

news.am