Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 4-ի գիշերը զոհված ժամկետային զինծառայող Սիմոն Ճավռշյանի մարմինը այսօր՝ փետրվարի 6-ին, հանձնել են հարազատներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց զոհվածի հորաքրոջ որդին՝ Ալեքսան Մուրադյանը:
Ալեքսան Մուրադյանի խոսքով՝ գիշերը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել են Սիմոնի հայրը եւ եղբայրը նրա հուղարկավորությանը մասնակցելու համար:
«Քիչ առաջ շարասյունը հասավ Փանիկ, ամբողջ գյուղն էր դուրս եկել իր հերոս զավակին դիմավորելու, հարգված, սիրված ընտանիքի հարգված ու հանուն հայրենիքի զոհված տղային»,-ասաց զոհվածի հորաքրոջ տղան:
Ալեքսան Մուրադյանը նշեց, որ Սիմոնը իր հասակակիցների նման շատ երազանքներ ու նպատակներ ուներ:
«Ուզում էր բանակից վերադառնալուց հետո հորն ու ախպորը թեւութիկունք լիներ, տունը ոտքի կանգնեցնեին, ախպորը ամուսնացնեին: Ինքն էլ հետո ամուսնանար, սիրած աղջիկ ուներ մտքում, որի հետ ուզում էր կյանքը կապել»,-պատմեց Ալեքսան Մուրադյանը:
Սիմոն Ճավռշյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 7-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում գտնվող իրենց տանը: Սիմոնի մարմինը հողին կհանձնեն փետրվարի 8-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 5-ի գիշերը՝ ժամը 03.55-ի սահմանում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանը:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Սիմոն Ճավռշյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: 20-ամյա Սիմոնը գարնանը պետք է զորացվեր: