Երևանի Բաղրամյան պողոտայում, կարելի է ասել, այս պահին ընդմիջման ժամ է: Ինչպես փոխանցում է SHAMSHYAN.com-ի թղթակիցը, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընդվզող եւ հերթապահող ցուցարարներին են այցելում ծանոթ եւ անծանոթ քաղաքացիներ ու նրանց համար հյուրասիրություն կազմակերպում թե սենդվիչների, թե քաղցրավենիքի, թե ըմպելիքների տեսքով ու շնորհակալություն հայտնում անկոտրում պայքարի համար` չմոռանալով հյուրասիրել նաեւ ոստիկաններին: Արդեն 2 օր պողոտայում հերթապահող ակտիվիստներին նաեւ հարազատներն են այցելում եւ ոչ թե համոզում տուն վերադառնալ, այլ է՛լ ավելի ոգեշնչում, որ պայքարը հաղթական ավարտի հասցնեն: Ցուցարարները կարճ ժամանակով նաեւ ֆուտբոլ խաղացին: Անգամ Վալերի Օսիպյանին առաջարկեցին թիմ ստեղծել եւ միանալ իրենց, սակայն նա հրաժարվեց` ասելով, որ երբ քաղաքի վիճակը հանդարտվի, սիրով կընդունեն առաջարկը: Ավելին` համոզմունք հայտնեց, որ իրենք կհաղթեն: Ավելի վաղ հայտնել էինք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընդվզող քաղաքացիների բողոքի ակցիային հետեւելու համար վաղ առավոտյան պողոտա էր այցելել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ինչպես փոխանցել էր SHAMSHYAN.com-ի թղթակիցը, ոստիկանապետը ասել էր, որ անձամբ է եկել իրավիճակին ծանոթանալու եւ, որ հանկարծ արտառոց բաներ չկատարվեն: Նա ողջունել էր կազմակերպվածությունը եւ ավալեցրել. «Եղեք խաղաղության մեջ եւ ամեն ինչ նորմալ կլինի»: Ինչպես նաեւ խորհուրդ տվել, որ ցուցարարները իրենք իրենց միջից մաքրեն սխալները` ընդգծելով, որ ոստիկանության մեջ դա չկա ու չի լինելու: Նշել էինք, որ բարեբախտաբար, այս գիշեր եւս բողոքի ակցիան անցել է շատ հանգիստ եւ ավելի բազմամարդ: Իսկ լուսաբացին Սանիտեկ ընկերության հետ համատեղ` ցուցարարները մաքրել են տարածքը: Նշենք, որ արդեն երկրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Հայն իրեն հատուկ «ձեռագրով» միշտ առանձնացել է. հերթապահող ցուցարարների եւ ոստիկանների համար ծանոթ եւ անծանոթ քաղաքացիները հյուրասիրություն են կազմակերպում.
Comments are closed.