ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորք բաժնում անչափահասների գործերով բաժանմունքի պետի ու տեսուչի նկատմամբ հարուցված քներական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Հիշեցնենք՝ սույն թվականի փետրվարի 6-ին Ոստիկանության ներքին անվտանգության վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում խոշոր չափի կաշառք ստանալու պահին ձերբակալվել էին Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանն ու նույն բաժանմունքի տեսուչ, լեյտենենտ Ֆելիքս Մկրտչյանը:
Իսկ արդեն նախաքննության պարզվել ու հիմնավորվել է, որ ոստիկաններին հայտնի է դարձել, որ անչափահասներ Գ.Զ.-ն և Ջիվան Մարտիրոսյանը տանը մենակ լինելով, համբուրվել են: Նրանք բաժին են հրավիրել անչափահաս տղային և նրա հորը` Գրիգոր Մարտիրոսյանին, և բացատրել, թե անչափահասի հետ համբուրվելը քրեորեն հետապնդելի արարք է: Իսկ հետո այս գործին ընթացք չտալու դիմաց տղայի հորից 2000 ԱՄՆ դոլար կաշառք են պահանջել` սպառնալով hակառակ դեպքում քրեական հետապնդում սկսել:
Դե իսկ մինչ հայրը կհայթայթեր պահանջված գումարը, Սամվել Հակոբյանը և Ֆելիքս Մկրտչյանը, անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, ավելի քան 8 ժամ ապօրինի ազատությունից զրկելով, պահել են տղային ոստիկանության բաժնում: Սակայն երբ պարզվել էր, որ Գրիգոր Մարտիրոսյանն այդ օրը չի կարող կաշառքը բերել, երեկոյան տղային ազատ են արձակել: Իսկ փետրվարի 6-ին, երբ հայրն ի վերջո հայթայթել է պահանջած գումարի մի մասն ու այն հանձնել Սամվել Հակոբյանին, հենց տեղում` նրա աշխատասենյակում էլ վերջինը բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Նշենք, որ Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 309-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ֆելիքս Մկրտչյանին, բացի թվարկվածներից, նաև 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 5-րդ կետերով:
Գործի քննությունը կշարունակվի արդեն դատարանում: