Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Վաչե Սահակյանի հարազատները չեն հավատում, որ իրենց որդին մասնակցել է սպանությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վաչեի բարեկամուհին, որը խնդրեց չհրապարակել իր անունը:

«Վաչեն դեռ 14 տարեկանից ապրում է զինվորական կյանքով, նա քաղաքային կյանքից չէր գնացել ինտիտուտում սովորելու: Վաչեն այն երիտասարդը չի, որ այդպիսի դաժանության գնա: Անմեղ երիտասարդը, որը պայծառ պլաններ ուներ, պետք է պատասխան չտա վիժվածքների կատարածի համար»,- ասաց բարեկամուհին, որի համոզմամբ՝ հանցագործությունը կատարել են ուրիշները, իսկ Վաչեի վրա պարզապես բարդել են կատարվածի մեղավորությունը։

Վաչեի անմեղությունն ապացուցող որեւէ փաստի մասին բարեկամուհին, այնուամենայնիվ, չխոսեց։

Նրա խոսքով՝ Վաչե Սահակյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ է ընդունվել «Փոքր Մհեր» ռազմական վարժարանն ավարտելուց հետո:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:Հարազատները NEWS.am-ին պատմել էին, որ նրան նախ ծեծել են, ապա կախել։ Հիշեցնենք, որ ՊՆ Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայկազի սպանությանը նախորդել է վեճը առայակիցների հետ, սպանության համար մեղադրվողները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Հարազատները կարծում են, որ նման հաշվեհարդարի պատճառն այն է եղել, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:

Հայկազ Բարսեղյանը Արարատի մարզի Նիզամի գյուղում, ընտանիքի ավագ որդին էր, նա երկու եղբայր ունի՝ 8 եւ 12 տարեկան: Հայկազի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում:

news.am