Այս գործով ամբաստանյալը, ինչպես նաև տուժողը Վրաստանի քաղաքացիներ են, միգուցե դա է պատճառը, որ գործի դատական քննությունն ավելի հանդարտ մթնոլորտում սկսվեց և՝ ընդամենը երկու լրատվամիջոցների լրագրողների ներկայությամբ:
«Ալեն-Էլեն» գիշերային ակումբի անվտանգության երկու աշխատող՝ Նիկողոսյանն ու Քոչոյանը, ակումբում ընկերների հետ «խրախճանք արած» հաճախորդին դուրս էին «հրավիրել» և դրսում, դեռ աստիճանների վրա ծեծի ենթարկել:
Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հաճախորդն ընկել էր, գլխով հարվածել գետնին, ստացել գանգուղեղային ծանր վնասվածքներ և հիվանդանոցում այդ վնասվածքներից մահացել:
Տուժողը էրեմիա Ռազմաձեն է, Վրաստանի քաղաքացի: Նա աշխատել է Հայաստանում՝ «Ջրաղաց» ռեստորանում՝ որպես խոհարար: Դեպքի օրը՝ 2013 թվականի մայիսի 19-ին, Ռազմաձեն ընկերների հետ, որոնց թվում հայեր ու վրացիներ էին, զվարճացել է «Ալեն-Էլեն» գիշերային ակումբի չորրորդ հարկում:
Ամբաստանյալի աթոռին նստած 23-ամյա Վաչագան Նիկողոսյանը, ինչպես որ տուժողը, Վրաստանի քաղաքացի է: Նա սովորել է Երևանում՝ ճարտարագիտական համալսարանի երրորդ կուրսում, միաժամանակ աշխատել է «Ալեն-Էլեն» գիշերային ակումբում՝ որպես անվտանգության աշխատակից:
Տուժողին ծեծի ենթարկած մյուս անվտանգության աշխատակիցը դեռ ամբաստանյալի աթոռին չէ:
Ինչպես «Հարսնաքարի» գործով ամբաստանյալները, այնպես էլ այս գործով ամբաստանյալ Նիկողոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով՝ տուժողի առողջությանը խմբի կազմում ծանր վնաս պատճառելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: Այս արարքի համար օրենքով նախատեսվում է 5-ից 10 տարի ազատազրկում:
Ինչո՞ւ են գիշերային ակումբի անվտանգության աշխատողները ծեծել ակումբի թող որ՝ հարբած, ակումբում խրախճանք արած հաճախորդին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ տուժող Ռազմաձեն մայիսի 19-ին, ժամը 3-ն անց 30 րոպեին ընկերների հետ «Ալեն-Էլեն» գիշերային ակումբում «խրախճանքից» հետո, հարբած վիճակում ցանկացել է տուն գնալ:
Չորրորդ հարկի բարի մոտով անցնելիս այս հարբած հաճախորդը ձեռքից գցել է գարեջրի շիշը:
Շիշն ընկել է գետնին, ջարդվել է, ու գարեջրի շիթը ցայտել է անվտանգության աշխատող Նիկողոսյանի վրա:
Ահա սա է, ըստ մեղադրական եզրակացության, որ այսօր հրապարակեց գործով մեղադրողը, դարձել հաճախորդին ակումբից քաշքշելով դուրս բերելու պատճառ: Անվտանգության աշխատողներ Նիկողոսյանը և Քոչոյանը, անտեսելով այն հանգամանքը, որ իրենց առաջ հարբած մարդ է, ով ընդդիմանում է, չի ուզում ենթարկվել քաշքշոցին, դեռ հայհոյում էլ է, նրան հարվածելով դուրս են բերել: Հարվածներ են հասցրել տուժողի կրծքավանդակին, մարմնի այլ մասերին, գլխին:
Անսթափ տուժողը աստիճանահարթակին վայր է ընկել, գլորվել աստիճաններով՝ գլխով հարվածելով գետնին:
Նա ստացել է գանգի ոսկրերի կոտրվածքներ ու գանգուղեղային ծանր վնասվածքներ, որոնց հետևանքով մի քանի օր անց՝ մայիսի 24-ին, հիվանդանոցում մահացել է:
Ամբաստանյալ Վաչագան Նիկողոսյանը այսօր հայտարարեց, թե իրեն մեղավոր չի ճանաչում:
Այսօր այս գործով առաջին դատական նիստն էր: Նախագահողը հայտնեց, թե տուժողի իրավահաջորդ Ռազմաձեին ու վրացի մեկ վկայի գործի փաստաթղթերի թարգմանությունները դեռևս չեն տրամադրվել, դրա համար վերջիններս չեն ծանուցվել դատական նիստի տեղի և օրվա մասին:
Թարգմանությունն ընթացքի մեջ է, հաջորդ նիստին հիշյալ անձինք արդեն ծանուցված կլինեն:
Բայց այսօրվա նիստին չէին ներկայացել նաև ծանուցված վկաները:
Քանի որ դատարանը որոշեց նախ վկաների հարցաքննություն կատարել, վկաների բացակայության պայմաններում դատական նիստը հետաձգվեց:
Մինչ այդ, ամբաստանյալի շահերի պաշտպան Ներսիսյանը միջնորդեց դատակոչի ցուցակից դուրս մնացած, բայց նախաքննության ժամանակ հարցաքննված երկու կանանց նույնպես որպես վկա հրավիրել ու հարցաքննել դատարանում, քանի որ նրանք ականատես են եղել դեպքին, հարցաքննվել նախաքննական մարմնի կողմից: Այս միջնորդությունը դատարանը հետաձգեց ու կանդրադառնա, երբ գործով բոլոր ապացույցները կհետազոտվեն, ու ակնհայտ կդառնա, որ այս վկաների ցուցմունքները կարող են էական նշանակություն ունենալ գործի քննության համար:
Դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 9-ը: