Մայր աթոռ սբ․ Էջմիածնի սոցիալական ծառայության տնօրեն Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը հանդարտ ձայնով պատմում էր, թե հայ առաքելական եկեղեցին 2014 թվականին ինչ աստվածահաճո գործեր է կատարել, չկասկածելով անգամ, որ «մեղսագործ» աշխարհականներս ավելի շատ հետաքրքրված ենք HSBC բանկում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունով հաշվեհամարի պատմությունով։ Վերհիշենք միայն, որ արդեն մի քանի օր է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը ինֆորմացիա էր հրապարակել, ըստ որի մեր առաքելական եկեղեցու առաջնորդը շվեյցարական բանկում հաշվեհամար ունի, որում 1․1 միլիոն դոլար գումար է նստած։

Կապված հոգևորական Նավասարդ Կճոյանի աշխարհական օվշորային գործունեության հետ, հասարակությունը կարծես այդքան էլ զարմացած չէր նոր բացահայտումով։ Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարեց, որ այդ հաշվեհամարի գումարն անհայտ բարեգործի նվիրաբերած գումարն է, երեկ վերջինիս համար ևս հարմար առիթ էր մանրամասնելու և պարզաբանելու կաթողիկոսի անունով «գաղտնազերծված» հաշվեհամարի պատմությունը․ «Նախ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին հարկատու է, որովհետև եթե հարկատուների ցուցակը նայեք եկեղեցին առաջին շարքերում է իր վճարած հարկերի առումով։ Հետևյալն է իրականությունը, որ հաշիվը որի մասին խոսվում է ժամանակին բացվել է Գարեգին Առաջին ամենայն հայոց հայրապետի գահակալության շրջանում, անհատ բարերարի կողմից։ Վեհափառ Հայրապետի մահվանից հետո հաշվեհամարը ինչպես որ կարգն է անվանափոխվել է իրավահաջորդ կաթողիկոսի անունով, որը Գարեգին Բ-ն է։ Բանկի պահանջն է եղել, որ չի կարելի հաշվեհամարը գրանցել եկեղեցու անունով։ Եղել է երկրորդ անձ, որը երաշխավոր է՝ Շիրակի թեմի նախկին առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը, ով և Վազգեն հայրապետի մահվանից հետո իրավահաջորդ ներկայացրեց բանկին։ Գումարը մեկ միլիոն 100 հազար դոլարին համարժեք գումար է, որից մեկ միլիոնը անձեռնմխելի գումար է և հարյուր հազարը մնացյալ շահույթներն են, որ գոյացել են այդ գումարից։ Երբևէ այդ անձեռնմխելի գումարը չի կարող օգտագործվել որևէ նպատակով, միայն այն շահույթը գումարից ըստ բարերարի նախանշած բարեգործական նպատակների ինչ որ պարբերականությամբ օգտագործվում է մայր աթոռ սբ․ Էջմիածնի կողմից։ Հաշվեհամարը, որը ինչպես շատերն են ասում գաղտնազերծվել է, անձնական հաշիվ չէ, այլ ուղղակի այդ հաշվեհամարը տնօրինելու իրավունք ունի հոգևոր առաջնորդը»։ Տեր Վահրամը խուսափում է պատահածը անվանել սկանդալ, նշում է, որ այդ ամենը ստեղծվել է արհեստականորեն։ Թե ինչի վրա են ծախսվում մայր գումարից առաջացած շահույթը, հոգևորականը հիշեցնում է, որ եկեղեցին էլ է իր տեսակով կազմակերպություն և սա միակ հաշվեհամարը չէ․ «Ես ասեմ, որ նման հաշվեհամար բացվել է Վազգեն Առաջին կաթողիկոսի կողմից, նման հաշվեհամար ինչպես հասկացաք բացվել է անհատ բարերարի կողմից, նաև Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ժամանակ ևս հաստատվել է հիմնադրամ, որը կոչվում է «Բարերարներ սբ․ Էջմիածնի հիմնադրամի», որը նույնպես գործում է»։ Կաթողիկոսի անձնական հաշվեհամարների մասին Տեր Վահրամը չխոսեց․« Ես չգիտեմ, դա իմ իրավասության սահմաններում չէ իմանալ»։ Ի դեպ ամենայն հայոց կաթողիկոսի մամուլի խոսնակի իրավասություններից, պարզվում է վերջինիս պարտականությունների մեջ է մտնում նաև «զգալը», թե ում կարելի է եկեղեցու գումարների հաշվետվությունը ցույց տալ, ում՝ ոչ։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե կարո՞ղ է ծանոթանալ հաշվետվությանը, Տեր Վահրամը պատասխանեց․ «Դուք պաշտոնապես հարցում արեք, անհրաժեշտ տեղեկատվությունը կներկայացվի, եթե զգամ, որ պարտավորված եմ ներկայացնել ձեզ , այդ ամենը կներկայացնեմ»։ Այնպես, որ եթե մի օր ցանկանաք ձեր հետախուզական հույզերը բավարարել հայ առաքելական եկեղեցու հաշվեհամարները վերստուգելով, սկսեք աշխատել Տեր Վահրամի զգայարաններից։

Որպեսզի ապագայում գրաքննադատությունից հետո դրախտում մենք ևս տեղ ունենանք, ներկայացնում ենք նաև մեր եկեղեցու կատարած աշխատանքները 2014-ին․ «Մայր Աթոռը 1,5 մլն ԱՄՆ դոլար է փոխանցել Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին։ Վեհափառ Հայրապետը 5 մլն դրամ է հատկացրել անապահով սիրիահայ 50 ընտանիքների, մենք զինվորի կողքին ենք ծրագրի շրջանականերում ծախսվել է 50 մլն դրամ, ևս 10 մլն դրամ սահմանին զինված զինծառայողների ընտանիքներին»․ տեղեկացնում է Տեր Իսահակը։ 2014 թվականին եկեղեցու կատարած բարեգործության ժամանակ ծախսվել է 1,5 մլն դոլար և 80 մլն դրամ։

hraparak.am