Տարբեր ոլորտների միանգամից մի քանի ներկայացուցիչներ նույն հարցով դիմել են NEWS.am-ի խմբագրություն. պարզվել է, որ երկրում նոր կենսաչափական անձնագրերի ներդրումը այլ պայմաններում խնդիրներ է հարուցել:
Հիշեցնենք, որ նախկին ձեւի անձնագրերը ուժի մեջ են մինչեւ իրենց ժամկետի ավարտը: Ի տարբերություն նոր անձնագրերի, հին նմուշի անձնագրերով երկրից դուրս գալու համար անհրաժեշտ է ելքի վիզա ունենալ: Սակայն ոստիկանության որոշ «խելացի» պաշտոնյաներ սկսել են քաղաքացիներից նոր անձնագրեր պահանջել՝ մերժելով ելքի վիզա խփել հին նմուշի, բայց ուժի մեջ գտնվողն անձնագրերում:
Հարցի նրբությունն այն է, որ նոր անձնագրերն արժեն 25 հազար դրամ, մինչդեռ մեկ տարվա ելքի վիզան արժե ընդամենը հազար դրամ:
Այս առթիվ NEWS.am-ի թղթակիցը դիմել է ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանին: «Այդ պահանջը բացարձակապես անօրինական է»,-ընդգծել է Մուրադխանյանը:
Նրա խոսքով՝ օրենքի համաձայն հին նմուշի գործող անձնագրերում (որոնց գործողության ժամեկտ չի լրացել) պետք է ելքի վիզա խփվի, եթե սեփականատերը դա ցանկանում է: Նոր նմուշի անձնագրեր ստանալու պահանջն անօրինական է, հայտարարել է Մուրադխանյանը:
NEWS.am