Մոսկվայում սեպտեմբերի 23-ին սպասվում է ռուս-թուրք-ադրբեջանական հերթական գագաթնաժողովը՝ Մոսկվայի կենտրոնական մզկիթի բացման առիթով: Էրդողանը, Ալիևն ու Պուտինը կրկին կհավաքվեն միասին, ինչպես հունիսին հավաքվել էին Բաքվում Եվրոպական օլիմպիական խաղերի բացմանը:

Ինքնին այն, որ այս երեք գործիչները հավաքվում են իրար գլխի, արդեն իսկ տագնապալի է Հայաստանի համար՝ նկատի ունենալով այն, որ այդ հավաքին մասնակցում են Հայաստանի հետ գրեթե պատերազմական հարաբերության մեջ գտնվող երկու երկիր՝ ի վերջո Թուրքիան էլ միացել է Հայաստանի շրջափակմանը: Առավել ևս, որ սեպտեմբերի 23-ի հանդիպմանը նախորդել են սեպտեմբերի 17-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումն ու հայտարարությունները ռազմավարական հարաբերությունների մասին:

Եվ երբ Հայաստանի իբր ռազմավարական դաշնակիցն ու անվտանգության երաշխավորը ռազմավարական հարաբերություններ է կառուցում Հայաստանին փաստացի պատերազմ հայտարարած երկու պետությունների հետ, դա նշանակում է, որ իրադրությունը վերածվում է կամ ֆարսի, կամ ողբերգության:

Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը, իհարկե, քննարկելու շատ բան ունեն: Առավել ևս, որ Պուտինը դրանից առաջ ընդունել է Իսրայելի վարչապետին, իսկ սեպտեմբերի 23-ին հյուրընկալելու է նաև Պաղեստինի ղեկավար Աբասին: Այսինքն՝ այստեղ օրակարգում կարող են լինել ոչ միայն զուտ կովկասյան՝ Հայաստանին վերաբերող, այլև ավելի լայն՝ մերձավորարևելյան խնդիրներ: Ավելին՝ շատ հավանական է, որ հենց դրանք են էականն ու գլխավորը: Սակայն այս խնդիրներում կարող է, այսպես ասած, մանրադրամի վերածվել Հայաստանը՝ զոհ գնալով մերձավորարևելյան գործընթացներում ռուս-թուրքական պայմանավորվածություններին:

Այս տեսանկիյունից, իհարկե, Պուտինի, Էրդողանի և Ալիևի հնարավոր մոսկովյան հանդիպումը մարտահրավեր է Հայաստանի համար, առավել ևս, երբ դրանից հետո Նյու Յորքում հաջորդելու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ղարաբաղյան թեմայով: Եվ եթե սրան ավելացնենք նաև այն, որ համենայնդեպս՝ գործընթացի մեդիազուգահեռում ակնհայտորեն և ոչ առանց հիմքի ակտիվացել է ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահների խնդիրը, ապա վտանգները դառնում են իրապես շոշափելի:

Հայաստանի իշխանություններ հերքում են, որ նման խնդիր կա: Շատ ցանկալի կլիներ հավատալ դրան, սակայն Հայաստանի իշխանությունների հրապարակային հայտարարությունները սեպտեմբերի 3-ից հետո ըստ էության կշիռ և արժեք, մեղմ ասած, քիչ ունեն: Էականը գործընթացն է, որը անցնող երկու-երեք շաբաթների ընթացքում ակնհայտորեն թափ է հավաքել, և եթե խաղաղապահների թեմային անդրադառնում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, որը կարճատև այցով օրեր առաջ այցելել էր Բաքու, ապա սա նշանակում է, որ սեղանին խնդիր կա և կա այն ծավալով կամ հարցադրման խորությամբ և գործնականությամբ, որ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը հարկ է համարում հրապարակավ դեմ արտահայտվել և բավական թափանցիկ կոչ անել Ռուսաստանին ու Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման հարցերի քննարկումից:

Խնդիրը, սակայն, այն է, թե արդյոք Միացյալ Նահանգները հնարավորություն ունի՞ հարկ եղած դեպքում կանխել որևէ համաձայնություն, եթե իհարկե՝ այն կայացվի, քանի որ խնդիրը այնքան էլ միանշանակ չէ նաև եռյակի ներսում:

Այստեղ, սակայն, ամենակարևորը և ամենամտահոգիչը, իհարկե, այն է, թե ինչպիսի ձեռնունայն վիճակում է հայտնվում Հայաստանը: Հայաստանը հայտնվել է դիտորդի դերում՝ բացարձակապես դուրս մնալով պրոցեսներից, որոնք էական ազդեցություն կարող են ունենալ իր ճակատագրի վրա: Սակայն Հայաստանը փոքր-ինչ ազդեցություն իսկ չունի այս պրոցեսների վրա և ստիպված է հետևել ու սպասել, թե որքանով կգործեն համաշխարհային հակակշիռները, որպեսզի հնարավոր լինի խուսափել Մոսկվա, Բաքու, Անկարա Բերմուդյան եռանկյունուց:

1in.am