Ըստ մեղադրանքի՝ ճարտարագիտական համալսարանին կից ավագ դպրոցի սովորող, 16-ամյա Հայկ Աղամալյանը 2013 թվականի ապրիլի 9-ին Տերյան 72 շենքի հարևանությամբ մի խումբ անձանց հետ դանակի գործադրմամբ խուլիգանություն է կատարել, որի ընթացքում դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին ու նրան ապօրինաբար զրկել է կյանքից: Անչափահաս Հայկ Աղամալյանը կալանքի տակ է:
Նա մեղադրվում է խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության և զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 258 հոդվածի 4-րդ մասով:
Ագրարային համալսարանի ուսանող, 17-ամյա Դավիթ Մանուկյանը մեղադրվում է այն բանի համար, որ նույն խմբի կազմում, նույն վայրում կատարել է խուլիգանություն, ապա պարտակել է առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիք դանակը, ինչպես նաև արյան հետքերը:
Մանուկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 334 հոդվածի 1-ին մասերով:
Մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Մեկ օրվա ընթացքում ու բազմաթիվ դրվագներով է հասունացել այս ծանր հանցագործությունը: Իսկ սկսվել է դպրոցական միջադեպից, որը տեղում, մանկավարժական միջամտությամբ հարթվելու դեպքում, փողոցային, խուլիգանական զարգացում չէր ունենա: Տասնութամյա երիտասարդի սպանություն տեղի չէր ունենա…
2013 թվականի ապրիլի 9-ին, ժամը 11-ի սահմաններում Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում, մաթեմատիկայի դասի ժամանակ վերջին նստարանին նստած աշակերտ Հովհաննես Մկրտչյանը ոտքերը բարձրացրել ու դրել է նախավերջին նստարանին նստած Էմանուել Թամամյանի նստարանին: Եվ ասել է՝ ոտքերս պաչի: Էմանուելը վիրավորվել և վիրավորական արտահայտություն է արել: Հովհաննեսը ձեռքը մեկնել է դեպի Էմանուելը: Վերջինս հրել է մեկնված ձեռքը, և նրա ձեռքը դիպել է Հովհաննեսի դեմքին:
Ուսուցիչը չի նկատել այս ամենը, չի միջամտել:
Դասամիջոցին Էմանուելին կանչել են հարևան դատարկ դասասենյակ: Հովհաննեսն իր ընկերներ Հրաչի, Կարենի հետ ծեծել է Էմանուել Թամամյանին: Ընդ որում՝ տղաներից մի քանիսը բռնել են Էմանուելի ձեռքերից, իսկ Հովհաննեսն ու Հրաչը հարվածներ են հասցրել ու թեթև վնաս պատճառել նրա առողջությանը՝ քթի ոսկրերի առանց տեղաշարժի կոտրվածքի ձևով:
Թամամյանը հաջորդ դասին չի նստել: Գնացել է ճարտարագիտական համալսարան: Վարժարանի իր ընկերներին պատմել է, որ իրեն ծեծել են: Հավաքվել է տղաների մի խումբ:
Դպրոցում կատարվածը պարզաբանելու համար նրանք գնացել են թիվ 3 ավագ դպրոց: Մկրտչյանն ու իր ընկերներն այնտեղ չեն եղել: Բայց «Երևան» կինոթատրոնի մերձակա բակում գտնվող զրուցարանում տղաների խումբը տեսել է Հովհաննեսի ընկերներից Կարենին ու ևս մի քանիսին: Ասել են՝ եկեք պարզաբանենք: Բայց զրուցարանի տղաները դիմել են փախուստի:
Պարզաբանման եկածները հետապնդել են, բռնել Կարեն Հարությունյանին ու ծեծել: Սա կեսօրին է կատարվել: Մարդիկ դիտողություն են արել, կռվողները հեռացել են:
Էմանուելի ընկերախումբը նորից գնացել է ճարտարագիտական համալսարան: Իսկ Կարեն Հարությունյանն ահազանգել է ընկերներին, որ իրեն ծեծել են:
Ժամը 12-ն անց 30-ի սահմաններում Հարությունյանն իր խմբով գնացել է ճարտարագիտական համալսարանի մոտ՝ հանդիպելու Թամամյանին ու ընկերներին: Այս անգամ հավաքվածներին հեռացրել են համալսարանի անվտանգության աշխատակիցները:
Այս պարզաբանմանը Կարեն Հարությունյանի կողմից ներգրավվել է «ախալքալաքցիների խումբը»: Պարզաբանումը նշանակվել է Մատենադարանի մոտ:
Բայց կողմերի ավագ ներկայացուցիչները հաշտության են եկել, ձեռք ձեռքի տվել ու բաժանվել:
Կարծես թե տղայական անմիտ տուրուդմփոցին վերջ պիտի դրվեր:
Բայց Հովհաննես Մկրտչյանը, Կարեն Հարությունյանը և 18-20 տարեկան մոտ 20 տղաների բազմությունը, բավարարված չլինելով Մատենադարանի մոտ կնքված հաշտությամբ, շարժվել են դեպի Ցիտադել:
Այս ամբոխի առաջին շարքում, ըստ մեղադրանքի, զայրացած ընթացել է Կարեն Հարությունյանի ընկեր Հայկ Աղամալյանը:
Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկում են գտնվել Էմանուել Թամամյանի ընկերները՝ վեցից տասը հոգի: Այդ պահին անձրև է եղել: Ասում են՝ հավաքվել էին բիստրոյի հովանոցի տակ, որ չթրջվեն:
Ըստ մեղադրանքի՝ մինչև պարզաբանման վայր հասնելը Հայկ Աղամալյանը ցուցադրել է իր մոտ եղած դանակը: Եվ առաջնորդել է մյուսներին դեպի Տերյան-Կորյուն խաչմերուկ:
Տղաների մեծ խումբը գոռում-գոչյուններով, ժամը 15-ի սահմաններում հարձակվել է բիստրոյի հովանոցի տակ հավաքված փոքր խմբի վրա:
Հայկ Աղամալյանը, ըստ վկաների, գոռացել է. «Էդ ո՞վ ա ծեծել մեր ախպորը»:
Ծեծկռտոց է սկսվել, խառը կռիվ, բայց ամեն բան մի քանի րոպեում ավարտվել է:
Տեղի է ունեցել դանակահարություն: Ըստ մեղադրանքի՝ Հայկ Աղամալյանը դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքին:
Դանակահարությունից հետո կռվի մասնակիցները փախել են:
Խուլիգանությանը մասնակից Դավիթ Մանուկյանը, ըստ մեղադրանքի, հանցագործության գործիք դանակը գետնից վերցրել է, թղթով մաքրել դանակի վրայի արյան հետքերը և այն դեն նետելու համար տվել է մեքենայի մեջ նստած Կարեն Հարությունյանին՝ կատարելով նախապես չխոստացված պարտակում:
Դատարանն անչափահաս Հայկ Աղամալյանին պարզաբանեց, որ նա մեղադրվում է առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների կատարման համար: Ամբաստանյալն ասաց, թե մեղադրանքներն իրեն հասկանալի են, բայց ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:
Դավիթ Մանուկյանը մեղադրվում է միջին ծանրության հանցագործությունների կատարման համար: Նա ևս իրեն մեղավոր չճանաչեց:
Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգ՝ կհարցաքննվեն վկաները, կհետազոտվեն ապացույցներն ու կհրապարակվեն փաստաթղթերը, ապա կկատարվի ամբաստանյալների հարցաքննությունը:
Հայկ Աղամալյանի շահերի պաշտպան Սեյրան Գրիգորյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա խորին ցավակցություն հայտնեց Հայրապետյանների ընտանիքին, ասաց, որ անկախ դատական ակտից, որպես մարդ՝ իր ցավակցություն է հայտնում որդեկորույս ընտանիքին: «Եթե գործի ընթացքում իմ՝ որպես պաշտպանի դիրքորոշումները չեն համապատասխանի տուժող կողմի դիրքորոշումներին, թող ըմբռնումով մոտենան, ես իմ պարտականություններն եմ կատարում»:
Ցավն այն է, որ այս հանցագործությունների արդյունքում կյանքից զրկված երիտասարդը՝ Տիգրան Հայրապետյանը, ինչպես նաև ամբաստանյալի աթոռին նստած երկու երիտասարդները ոչ մի կապ չեն ունեցել դպրոցական միջադեպի, դրանից հետո տեղի ունեցած կռիվների ու պարզաբանումների հետ:
«Չուժոյ պախմել» է Տիգրանը զոհ գնացել՝ ոչ շատ բարձրաձայն ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:
Փողոցային անկառավարելի կռիվների ընթացքում հաճախ հենց այդպես էլ լինում է: Կռիվը հրահրողները քաշվում են մի կողմ: Իրենց հարվածի տակ են դնում սկզբնական առճակատման հետ կապ չունեցողները:
Այսօր դատարանը հարցաքննեց վեց վկաների: Բոլորն էլ 1996 թվականին ծնված տղաներ էին: Մի մասը դեռ չափահաս չի դարձել, ու տղաները ներկայացել էին հայրիկների հետ:
Շատ դեպքերում տղաներն ասում էին, թե չեն հիշում, ուշադրություն չեն դարձրել, վերջին կռվի ժամանակ աչքերի առաջը սևացել է և այլն:
Վկաներից մի քանիսը պնդեցին, թե մեծ խմբի առջևից ագրեսիվ պահվածքով ու գոռոցով ընթացող Հայկ Աղամալյանի ձեռքին տեսել են դանակ:
Վկաներից երկուսն ասացին, թե իրենց թվացել է՝ Հայկը, դանակը ձեռքին, իրենց վրա է գնում: Բայց Հայկը մոտեցել էր այս կռվի հետ ոչ մի կապ չունեցած, Կարեն Հարությունյանին չծեծած Տիգրանին:
Տիգրանի դանակահարվելուց հետո, ըստ վկա Մ. Գ.-ի, ինքը, որ կանգնած էր Տիգրանից ոչ հեռու, գոռացել է. «Հայկուլիկ, էս ի՞նչ արիր, քո էսը, քո էնը…»: Բայց չի նկատել այդ պահին Հայկն այնտե՞ղ էր, թե՞ արդեն հեռացել էր:
Նույն վկան ասաց, թե Հայկին ճանաչել է որպես շրջապատում հարգված տղայի:
Կռվից հետո խոսակցություններ են եղել, թե հարձակվող խմբից հինգ-վեց հոգու են տեսել դանակներով: Որ դանակի հարված է ստացել նաև Տիգրան Հայրապետյանի ընկեր Ռոբը, նա նույնիսկ ցույց է տվել որովայնի շրջանում եղած վնասվածքը: Իսկ Տիգրանը ոչ թե դանակի մեկ, այլ երեք հարված է ստացել…
Երբ շտապօգնության մեքենան հասել է դեպքի վայր, բժիշկը ստուգել ու արձանագրել է Տիգրան Հայրապետյանի մահը…
Հայկ Աղամալյանի պաշտպանի հարցերին, թե ի՞նչ ուղղությամբ էր Հայկը դանակով հարվածում Տիգրանի կրծքին՝ վերևից ներքև, թե՞ներքևից վերև, վկա երիտասարդն ասաց. «Հո կինո չէի՞ նայում, որ տեսնեի, թե վերևից ներքև խփեց կամ ներքևից վերև»:
Պաշտպանն առաջարկեց գրիչը վերցնել ու թեկուզ իր վրա ցույց տալ, թե ինչպես էր, վկայի կարծիքով, հարվածել Հայկը: Բայց նախագահողը այս առաջարկն անընդունելի համարեց.
«Փորձարարություն կատարելու անհրաժեշտություն դատարանը չի տեսնում»:
Ըստ վկայի՝ տուժած Տիգրանը հնարավոր է՝ նույնիսկ չի տեսել դանակը ձեռքին մոտեցող Հայկին: Այլապես, հնարավոր է, մյուսների նման մի կողմ կքաշվեր կամ կփախչեր…
Հայկ Աղամալյանի օրինական ներկայացուցիչը՝ մայրը, վկա Մ. Գ.-ին հարցրեց. «Ինչո՞ւ Հայկը քեզ չխփեց, որ Տիգրանին խփեց, չէ՞ որ դուք թշնամական հարաբերությունների մեջ եք եղել»:
Վկան ընդունեց, որ իր ու Հայկի հարաբերությունները լարված են եղել, բայց չընդունեց, որ 2012-ի դեկտեմբերին մեծ ընկերախմբով, «դուբինկաներով» ծեծի են ենթարկել նրան…
Դասարանում ոտքերը Թամամյանի նստարանին դրած ու համբուրելու առաջարկություն արած Հովհաննեսն ասաց, թե ինքը… կատակ է արել: Բայց էմանուելն իրեն սխալ է հասկացել ու կոպտել է…
Հետո ինքը պատահաբար հայտնվել է մարտական ոգով պարզաբանման գնացող մեծ խմբի առաջին շարքում՝ Հայկի կողքին: Բայց կռվի մեջ այնքան անձնուրաց չի նետվել, ինչպես, օրինակ, Հայկը: Հեռախոսով խոսել է մայրիկի հետ…
Հովհաննեսն ու Կարենը այս պատմությունից հետո հեռացվել են թիվ 3 դպրոցից: Փոխվել է դպրոցի տնօրենը…
Այսօր մինչև աշխատանքային օրվա վերջը պատանի վկաները՝ ավագ դպրոցի ավարտական դասարանի աշակերտ տղաները, մեկը մյուսի հետևից փորձում էին դեպքի օրն իրենց տեսածն ու հիշածը դատարանին ներկայացնել: Յուրաքանչյուրն իր անձնական վախերն ուներ, իր խմբային հետաքրքրությունները:
Հաջորդ դատական նիստին՝ ապրիլի 26-ին, վկաների հարցաքննությունը կշարունակվի: