Ժամը 09:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դեղատան 15 շենքի բնակիչ, 59-ամյա Թորոս Օմրիկյանը Գոգոլի փողոցում իր կողմից վարած BMW X6 մակնիշի 01 NՍ 001 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհը կարգավորող ցուցանակին, այնուհետև հարվածել ու տապալել բետոնե էլեկտրասյունը և բախվել նշված փողոցի թիվ 52 տան պատին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել «Հայաստանի էլեկտրացանցեր»-ի Զեյթունի տեղամասի աշխատակիցները, ովքեր հրատապ ձևով ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ, որպեսզի վթարի հետևանքով հոսանքազրկված տներում վերականգնվի էլեկտրամատակարարումը:
Ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Վթարի վայր է ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական վարչության Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, սակայն փրկարարների միջամտության կարիքը չի եղել: Ժամանել են նաև «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակիցները, քանի որ մասամբ վնասվել է նաև նշված հատվածով անցնող գազատար խողովակը:
3 ժամից ավելի ապահովագրական ընկերությունը չի բարեհաճում ժամանել, և ստիպված, չսպասելով մեծն ԱՊՊԱ-ի ժամանմանը, ավտոմեքենան քարշակի միջոցով հեռացրեցին վթարի վայրից: Մինչ կժամանեին ճանապարհային ոստիկաններն ու հետաքննիչը, ավտոմեքենայի վրայից հանել էին համարանիշները:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Արարատ Թևոսյանը: Տեղում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդ Թ. Օմրիկյանը Մոնումենտում հայտնի Թորոսն է, ով Մոնումենտում զբաղվում է բիզնեսով:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի պատաճառը եղել է այն, որ նշված ճանապարհի արդեն մի քանի օր է՝ ինչ-որ աշխատանքներ կատարելու նպատակով բաց է մնացել դիտահորը, և վարորդը մեծ արագությամբ ընթանալու ժամանակ ավտոմեքենայով բախվել է բաց դիտահորին և չկարողանալով կառավարել այն՝ տեղի է ունեցել խոշոր վթարը: Փողոցի հարևանությամբ բնակվող մեծ թվով քաղաքացիներ էլ արդարացիորեն բարձրաձայնում էին, որ եթե նշված փողոցում, որը կապիտալ վերակառուցված է, չտեղադրվեն արագաչափ սարքեր, ապա մեր որոշ «վայ-վարորդների» «շնորհիվ» վթարներից չի լինի խուսափել:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի