Մարդու իրավունքների տեսակետից առավել խոցելի բնագավառներից է հանդիսանում ոստիկանության հետ քաղաքացիների հարաբերությունները, որին իրենց զեկույցներում անդրադարձել են մի շարք միջազգային կազմակերպություններ: Այդ մասին ասվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ:
«Արդեն բազմիցս առանձին դեպքերի լուսաբանման եւ ոստիկանության գործունեության վերաբերյալ զեկույցների եւ հետազոտությունների միջոցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վեր է հանում մարդու իրավունքներին խախտումների հանգեցնող պատճառներն ու ներկայացնում դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ: Յուրաքանչյուր զեկույցի վերաբերյալ ոստիկանությունն իր արձագանքն է հրապարակում, հիմնականում հայտնելով, որ տեղյակ է առկա խնդիրների վերաբերյալ եւ պատրաստվում է լուծումներ տալ: Բայց ոստիկանության աշխատակիցների ապօրինություններիհետեւանքով մարդու իրավունքների խախտման դեպքերը չեն նվազում:
Մարդու իրավունքների խախտումների դրսեւորման դեպքերն են ապօրինի՝ առանց հիմքի քաղաքացուն բերման ենթարկելը ոստիկանության տարբեր բաժիններ, ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների, անմարդկային վերաբերմունքի կիրառումը: Չկարողանալով այլեւս դիմակայել խոշտանգումներին՝ քաղաքացիները խոստովանում են այնպիսի մեղսագործություններ, որոնց վերաբերյալ նրանք որեւէ տեղեկություն նույնիսկ չեն ունեցել: Այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ խոշտանգումների, բռնության ու ճնշումների միջոցով խոստովանություն կորզելը ոչ թե որեւէ աշխատակցի կամ բաժնի գործելաոճ է, այլ այսպես աշխատում է ամբողջ համակարգը:
Ոստիկանության եւ հասարակության ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման հերթական փաստի վրա:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամներ, Արայիկ Զալյանը (ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան) եւ Արինա Մեծոյանը (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ) 2014թ. մարտի 27-ին Արթիկ քրեակատարողական հիմնարկ կատարած այցելության ժամանակ հանդիպել են նույն քրեակատարողական հիմնարկի կալանավորներ` Ռոբերտ Մուրադյանին, Անդրանիկ Մխիթարյանին եւ Ջոն Մարտիրոսյանին, ովքեր հայտնել են, որ ոստիկանության աշխատակիցների կողմից նրանց նկատմամբ կիրառվել է անմարդկային վերաբերմունք՝ ցուցմունքներ կորզելու նպատակով:
Ռոբերտ Մուրադյանը հայտնել է, որ 2013 թ. հոկտեմբերի 27-ին Գյումրու Ոստիկանության Մուշ բաժանմունքի աշխատակից Արթուր Գրիգորյանը գնացել է իրենց տուն, նրա մորը՝ Շողիկ Մուրադյանին փոխանցել է իր հեռախոսահամարը եւ հայտնել է, որ Ռոբերտ Մուրադյանը պետք է ներկայանա ոստիկանություն: Նույն օրը Ռ. Մուրադյանը ներկայացել է ոստիկանության Մուշ բաժանմունք, որտեղ ինչպես հայտնել է Մուրադյանը Գյումրու Ոստիկանության Մուշ բաժանմունքի տարբեր աշխատակիցների կողմից ենթարկվել է բռնությունների, ծեծի եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:
Ռոբերտ Մուրադյանը պնդում է, որ հարցաքննության ժամանակ ոստիկանության աշխատակիցները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նրա եւ նրա մորը հասցեին, բռնություն են գործադրել նրա նկատմամբ` նվաստացնելով նրա արժանապատվությունը: Արդյունքում բռնության միջոցով ոստիկաններին հաջողվել է իրենց ցանկալի ցուցմունքները կորզել Ռ. Մուրադյանից:
Անդրանիկ Մխիթարյանը հայտնել է, որ որ նա Գյումրի քաղաքում աշխատում է տաքսու վարորդ: 2013թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատանքը կատարելու ընթացքում կանգ է առել մթերային խանութի մոտ եւ մտել խանութ: Խանութից դուրս գալով տեսնում է, որ ոստիկանության մի խումբ աշխատակիցներ հավաքված են իր մեքենայի կողքը: Մոտենում է նրանց եւ հարցնում, թե ինչ է պատահել, նրան չեն պատասխանում: Երբ նա հայտնում է, որ ինքը հանդիսանում է տվյալ մեքենայի վարորդը, ոստիկանության աշխատակիցներն անմիջապես հարձակվում են նրա վրա, հայհոյանքներ տալիս նրա հասցեին: Ա. Մխիթարյանը նշել է, որ ոստիկանության աշխատակիցները այնպես են հարձակվել իր վրա, որ իր «ձեռքի ծխախոտը աչքն է մտել», այնուհետեւ նստեցրել են «Օպել» մակնիշի մեքենան եւ շարունակել են մեքենայում հարվածներ հացնել նրան: Ոստիկանության աշխատակիցները սպառնացել են նրան, որ նա չի պատկերացնում, թե ինչ են անելու նրան, եթե չասի, թե որտեղ են իր հետի տղաները, որոնց հետ միասին հանդիպել են ռուս զինվորներին: Նա պատմել է իր ուղեւորների մասին, բայց ոստիկանության աշխատակիցները չհավատալով նրան` շարունակել են հարվածել եւ հայհոյել: Ավելի ուշ նրան տեղափոխել են ոստիկանություն, այնուհետեւ քաշքշելով նրա վրա գոռալով բարձրացրել են ոստիկանության պետի մոտ: Պետին ներկայացրել են, որ Անդրանիկն է թալանել ռուսներին: Չդիմանալով սպառնալիքներին, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին, Մխիթարյանը կատարել է Ոստիկանության աշխատակիցների պահանջը եւ գրել իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:
Ջոն Մարտիրոսյանը հայտնել է, որ 2013թ. հոկտեմբերի 22-ին, երբ ինքը նույնպես գտնվել է ոստիկանությունում եւ, ըստ նրա հավաստման, լսել է կողքի սենյակից ծեծի ձայներ, որոնք եղել են Անդրանիկ Մխիթարյանի ձայները:
յս անձանց իրավունքի խախտման փաստով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ.Շահինյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, որում մասնավորապես նշվում է. «դիմում եմ Ձեզ քրեական գործ հարուցելու, Ռոբերտ Մուրադյանին, Անդրանիկ Մխիթարյանին խոշտանգած, հոգեբանական ճնշումների ենթարկած ոստիկանության աշխատակիցներին հայտնաբերելու եւ համապատասխան պատասխանատվության ենթարկելու պահանջով»,- ասվում է հայտարարության մեջ: