Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Հովհաննես Վարդանյանի գործի դատավարությունը:
27-ամյա Հովհաննես Վարդանյանը մեղավոր է ճանաչվել 16 տարին չբոլորած աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար:
Խոսքը վերաբերում է Հովհաննեսի փաստական կնոջը, ում հետ նա ծանոթացել ու ընկերություն է արել դեռ 2010 թվականից:
Այն ժամանակ աղջկա՝ 1997 թվականի դեկտեմբերին ծնված Ա.-ի 13 տարին էլ չէր բոլորել:
Հովհաննեսն աղջկա հետ ընկերություն է արել լուրջ մտադրություններով և 2013 թվականի հունվարին նրան ամուսնության առաջարկություն է արել:
Աղջիկն ասել է, որ դեռ 15 տարեկան է, բայց Հովհաննեսն այլևս չի համբերել, նա ամուսնության առաջարկով գնացել է աղջկա ծնողների մոտ, ստացել նրանց համաձայնությունը:
Հարսանիքն արել են օգոստոսին:
Իսկ դեկտեմբերին մանկամարդ կինը սկեսրոջ հետ գնացել է բժշկի, ու պարզվել է, որ նա 14-15 շաբաթական հղիություն ունի:
Բուժհաստատությունը, ըստ իր պարտավորության, անչափահաս աղջկա հղիության մասին հաղորդել է իրավապահներին…
Գործը քննվել է արագացված ընթացակարգով:
Հովհաննես Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով, դատապարտվել 1 տարի ազատազրկման: Հովհաննեսի նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:
Աղբյուր՝ www.1in.am