Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այսօր կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հավաքին: Այս այցի շրջանակում Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունենալու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Հիշենք, որ Դմիտրի Մեդվեդևը նախորդ տարի սեպտեմբերին պետք է այցելեր Հայաստան, ինչի մասին անձամբ Հովիկ Աբրահամյանն էր հայտարարել, սակայն այցը տեղի չունեցավ և այդպես էլ չբացատրվեց, թե ինչու: Մինչդեռ Հովիկ Աբրահամյանի համար Մեդվեդևի այցը պետք է լիներ քաղաքական հաջողության պես մի բան կամ այլ կերպ ասած` հայաստանյան քաղաքական կյանքում, ըստ էության, մեծ նշանակություն ունեցող ռուսաստանյան «մյուռոն»: Հովիկ Աբրահամյանը փաստորեն զրկվեց այդ «մյուռոնից», և սեպտեմբերից հետո նա, ըստ էության, հայաստանյան քաղաքական կյանքում ընկալվում էր որպես Ռուսաստանի կողմից շնորհազրկված գործիչ:

Հովիկ Աբրահամյանը մոսկովյան այցի ընթացքում պետք է որ փորձի հետ բերել սեպտեմբերից կորցրածը, սակայն այս ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել այնպիսի տնտեսական զարգացումներ` պայմանավորված ռուսական տնտեսության անկմամբ, որ զուտ հանդիպումներն արդեն ոչինչ չեն նշանակի, և Հովիկ Աբրահամյանի համար դրական ընդունելության կամ «մյուռոնի» վկայություն կարող է լինել միայն որևէ լուրջ տնտեսական կամ քաղաքական հայտարարությունը, կամ Հայաստանի տնտեսության մեջ որևէ լուրջ ռուսական ներդրման խոստումը: Այլապես, Հայաստանին սպասում է սոցիալ-տնտեսական այնպիսի ծանր տարի, որ Հովիկ Աբրահամյանը որպես վարչապետ կարող է ուղղակի դուրս չգալ այդ բեռի տակից:

Այս հարցում, իհարկե, Ռուսաստանի դերն ահռելի է, որովհետև Արևմուտքը բացի, այսպես ասած, նվազագույն կայունության գումարներից, այլ բան չի պատրաստվում տալ Հովիկ Աբրահամյանին, և եթե Ռուսաստանի որևէ մեծ աջակցություն չլինի, ապա 2015 թվականը կհանդիսանա 2018-ի ակնկալիքներին Հովիկ Աբրահամյանի հրաժեշտի տարին:

Իմիջիայլոց, շատ հետաքրքրական է, որ Աբրահամյանը Մոսկվայում է լինելու այն օրը, երբ Երևանում նրա խնամի Գագիկ Ծառուկյանը կանցկացնի իր ազդարարած մեծ համաժողովը: Շատ հետաքրքիր է, որ հունվարի 20-ի հետաձգված համաժողովը նշանակվեց փետրվարի 5-ին և փաստորեն համընկավ Աբրահամյանի մոսկովյան այցի հետ: Եվ նկատի ունենալով այն խնամակալությունը, որ ԲՀԿ-ն իրականացնում է վարչապետի հանդեպ` հարց է առաջանում, թե արդյո՞ք պատահական էր հետաձգված համաժողովի համար փետրվարի 5-ի ընտրությունը:

Այստեղ հետաքրքրական է հիշատակել նաև հոկտեմբերի 10-ի սինքրոնությունը, երբ ոչ իշխանական ուժերը Երևանում հանրահավաք էին անում այն ժամանակ, երբ Մինսկում ստորագրվում էր Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությունը:

1in.am