Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հայտնի դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո)՝ անդրադառնալով վերջին օրերին Գյումրիում տեղի ունեցած դեպքերին:

Նա մասնավորապես գրել է.

«Այսօր մեկնեցի Գյումրի, որպեսզի իմ եւ ընկերներիս զորակցությունը հայտնեմ գյումրեցիներին, ինչպես նաեւ տեղում ծանոթանամ իրավիճակին:

Փառք Աստծուն, այսօր վիճակը հանգիստ էր:

Այո, երեկ գյումրեցիները ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ Հայաստանի քաղաքացին կարող է պաշտպանել իր պետության շահերը եւ պատիվը, իսկ այսօրվա անդորրով ապացուցեցին, որ Հայը երբեք չի գնա նացիոնալիստական ատելության ճանապարհով, ինչը արդեն փորձում էին մեր վրա կախել որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ:

Հպարտ եմ ձեզնով Գյումրեցիներ: Ուզում եմ իմանաք, որ բոլորս ձեզ հետ միասին լուռ սպասում ենք հանցագործին հայկական կողմին հանձնելուն: Բայց ուզում եմ նաեւ զգուշացնել, որ լուռ չի նշանակում հնազանդ: Յուրաքանչյուր պահի այս լռությունը կվերածվի մեծ աղաղակի, եթե մեր եղբայրներին եւ քույրերին սպանողը չստանա մեր պետության կոլմից հաստատված պատիժը:

Հ.Գ. Մեր պետության ղեկավարներին կխնդրեի կողմնորոշվեին` իրենք այս պետության քաղաքացի են, թե ուղղակի տուրիստ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում:: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով):

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվումէ ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:

NEWS.am