Առաջին հայը, ում հետ ես հանդիպել եւ զրուցել եմ Ցեղասպանության մասին, Լիբանանից էր, ԱՍԱԼԱ-ի մարտիկ՝ երկու բարձրագույն կրթությամբ: Այս մասին «Huffington Post»-ի բլոգեր Ջանկարլո Կապոցցոլին գրել է «Հիմա ո՞վ է հիշում հայերի կոտորածի մասին» վերնագրով հոդվածում:
Այնուհետեւ Կապոցցոլին գրում է.
«Առաջինը, որ արեց Իտալիայի նոր նախագահը, այցելեց Հռոմի մերձակայքում Արդեատինի քարանձավներում 1944 թվականին սպանվածների հիշատակի դամբարան:
Իսկ ընդամենը մի քանի օր առաջ՝ հունվարի 27-ին, նշվում էր ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների գերիների ազատագրման եւ Հոլոքոստի (Շոա) զոհերի հիշատակի օրը:
Հայտնի է, որ լեհ-հրեական իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից ցեղասպանության նկարագրությունն արվել է Հայոց ցեղասպանության իրադարձությունների հիման վրա: « Հիմա ո՞վ է հիշում հայերի կոտորածի մասին»,- իր մերձավորներին ասել է Ադոլֆ Հիտլերը՝ նրանց համոզելով վերջնականապես լուծել հրեական հարցը:
Այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայաստանի մասին մենք քիչ բան գիտենք: Ինչ-որ բան լսել ենք Նեապոլում Սուրբ Գրիգորի փողոցի մասին, որտեղ հրաշալի հյուսներ են բնակվում, Հռոմի կենտրոնում գտնվող Սուրբ Նիկոլլո դա Տոլենտինո հրաշալի հայկական եկեղեցու մասին:
Առաջին հայը, որի հետ ծանոթացա, շուրջ 60 տարեկան էր: Նա ինձ պատմեց, որ բանտ է նստել: Պարզվում է՝ ԱՍԱԼԱ-ի անդամ է եղել: Կրթությամբ փիլիսոփա էր: Բայց դա նրա երկրորդ դիպլոմն էր: Մինչ այդ ճարտարապետություն է սովորել:
Նա ինձ ասաց «Արարատի զավակները» փաստագրական ֆիլմի մասին, որը նկարահանել է «Rai»-ի լրագրող Պիերո Մարացցոն: Ես իմացա, որ Ազնավուրը հայ է:
Հետո մենք խոսեցինք պրոֆեսոր Մարիա Մաչիոտիի «Հայոց ցեղասպանությունը պատմության եւ հիշողության մեջ» գրքի մասին: Առաջին հերթին հենց դա պետք է կարդամ: Թերթելով փաստաթղթերը, որ նա ինձ փոխանցեց, անմիջապես աչքիս ընկավ, թե որքան ընդհանուր բան կա հայերի եւ հրեաների ցեղասպանությունների միջեւ:
Տարբերություն, իհարկե, կա. կոտորածից առաջ հրեաներին մեկուսացրել են: Հրեաներն ապրել են տարբեր վայրերում, հայերը՝ իրենց հայրենիքում, Կիլիկիայում եւ Անատոլիայում: Եթե հրեաներին ցանկանում էին ոչնչացնել ամբողջ աշխարհում, ապա հայերին՝ «միայն» իրենց սեփական հայրենիքում: Գրեթե ամբողջ ժողովուրդն անհետացավ այդ հողերից, եւ այն յուրացրեցին:
Նա պատմեց իր մասին: Երրորդ սերնդի գաղթական է, Հայաստանում դեռեւս չի եղել: Ծնվել է Լիբանանում, ուր նրա հարազատները փախել են կոտորածների ժամանակ: Դրանից հետո հաստատվել է Իտալիայում:
Արտաքսումն ու աղքատությունը, որն աշխահասփյուռ հայ ժողովուրդը ստիպված է եղել ապրել, մարդկության դեմ իրականացված հանցագործություններից միայն մեկն է, որի մասին վերջապես պետք է խոսել:
Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ անցյալ տարվա ապրիլի հայտարարությունը բեկումնային էր թվում: Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ այն ժամանակ դեռեւս կառավարության ղեկավարը ցավակցություն հայտնեց 1915 թվականին կոտորված հայերի սերունդներին:
Իտալիան ու եւս երկու տասնյակ երկրներ, ինչպես նաեւ Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը հայ ժողովրդին կոտորելու մտադրությունը Ցեղասպանություն են ճանաչել:
Առաջիկա ապրիլի 24-ը կարող է հարմար առիթ դառնալ, որպեսզի մեզանից հետո սերունդներին ռասիզմի դեմ հակակրանք եւ տարբեր ժողովուրդների, մշակույթների եւ քաղաքակրթությունների հանդեպ սեր ներարկենք:
Իսկ Իտալիայում, անցյալ տարվա հուլիսին ընդունված խորհրդարանական բանաձեւի համաձայն, 2014-2015 ուսումնական տարում բոլոր դպրոցներում պատմելու են հայ ժողովրդի Ցեղասպանության մասին՝ նպատակ ունենալով սեր եւ հարգանք սերմանել տարբեր ժողովուրդների մշակույթի եւ հավատքի հանդեպ»: