Ինչպե՞ս է ընթանում հղիությունը մեծ տարիքում: Արդյո՞ք միշտ է լեցուն ռիսկով և վտանգներով: Եթե այո, ապա որքանո՞վ են դրանք արդարացված: Ի՞նչ զգացումներ է պարգևում մեծ տարիքում մայրանալը:
Երեխայի ծնունդը 40 տարեկանից հետո
Որոշ կանանց բնությունը զրկել է մայրանալու կատարյալ տարիքն ինքնուրույն ընտրելու հնարավորությունից: Ոմանք էլ մեծ տարիքում են ծննդաբերում կրկին ամուսնանալու հետևանքով: Մյուսներն էլ հղիանում են անսպասելիորեն: Եթե երեխա ունենալու որոշումը կշռադատված և ոչ թե կայացված անխոհեմ կերպով, եթե ցանկությունը վեր է վախերից և բացասական տրամադրվածությունից, ապա առողջ երեխա ունենալու հավանականությունը կտրուկ մեծանում է: Բանը միայն ապագա մայրիկի դրական նախատրամադրվածությունը չէ, ոչ, գործի են անցնում նաև որոշ իրատեսական գործոններ, որոնք հաջող ծննդաբերության երաշխիք են դառնում:
Առաջին հերթին այս տարիքում մայրանալու հուզական և հոգեբանական պատրաստությունն զգալի բարձր է երիտասարդ տարիքի համեմատությամբ: Երկրորդ, հղիության, ծննդաբերության և երեխայի առողջության նկատմամբ չափազանց մեծ պատասխանատվությունը «մեծահասակ» մայրերին ստիպում է պարբերաբար այցելել բժշկի և անվերապահորեն կատարել նրա հանձնարարականները: Բացի այս, հասուն կանանց համար, ովքեր հղիությունն ընդունում են որպես ճակատագրի մեծագույն պարգև և ոչ թե որպես խոչընդոտ, դժվար չէ վստահաբար հրաժարվել վնասակար սովորություններից և այն ամենից, ինչը կարող է վտանգավոր լինել երեխայի համար:
Ցանկալի հղիությունը պահպանելու համար նրանք չեն չարաշահի սպորտային վարժությունները, վիտամինային հավելումների ընդունումը և դիետան, ծննդաբերությանն էլ կսկսեն պատրաստվել ամենայն լրջությամբ: Գիտակցված մայրությունը նրանց համար երջանկություն է և ոչ թե բեռ:
Նախ մասնագիտական ձեռքբերումները, հետո՞ երեխան
Ինչո՞ւ ոչ: Ինչո՞ւ չհոգալ մայրական ամուր հիմք ստեղծելու մասին նախքան փոքրիկ մարդուկի կյանք պարգևելը: Երեխայի լույս աշխարհ գալու առաջին օրերից իսկ նրան ապահովել տաքուկ բնակարանով, որտեղ նա կունենա իր առանձին սենյակը, անկողինը և խաղալիքները. արդյո՞ք այս ամենը դատապարտելի է: Ինչ վերաբերում է առողջության տարիքային խնդիրներին, ապա հաջողակ և իրենց առողջության մասին հոգ տանող գործարար կանայք կարող են առաջ անցնել այն երիտասարդ կանանցից և ուսանողուհիներից, ովքեր անկանոն են սնվում և անառողջ ապրելակերպ վարում:
Մասնագիտական առումով կայացած կինն ավելի շատ կօգնի երեխային հաջողությամբ անել առաջին քայլերը, քան կյանքի և ուսման լարված ընթացքից ուժասպառ ուսանողուհին: Բացի այդ, առաջին դեպքում երեխան ավելի մեծ ուշադրություն, ջերմություն և խնամք կստանա, քանի որ կինն ստիպված չի լինի մեծ ջանք թափել կյանքը բարեկեցիկ դարձնելու և մասնագիտական աճ ապրելու համար. իզուր չէ, որ հոգեբանները պնդում են, թե մեծահասակ ծնողների երեխաներն ավելի շնորհալի են և խելացի, քան նրանց հասակակիցները:
Ուշ հղիության վտանգները
Ուշ մայրանալու բոլոր առավելություններով հանդերձ 35-40 տարեկանում մայր դառնալը բավական ռիսկային է. վիժման հավանականությունն այս պարագայում զգալիորեն մեծանում է, հղիության ընթացքում բարդությունների առաջացման հավանականությունը՝ նույնպես: Եթե ապագա մայրը քրոնիկական հիվանդություն ունի, հնարավոր է, որ հղիությունը սրի այն: Վտանգ կարող է սպառնալ նաև ծննդաբերության ընթացքում. հաճախ մեծ տարիքում ծննդաբերող մայրերի կարողությունը թույլ է լինում, իսկ առաձգականությունը կորցրած հյուսվածքների պարագայում մեծանում է ծննդուղիների պատռվածքների հավանականությունը: Այդ պատճառով էլ հաճախ դիմում են կեսարյան հատման օգնությանը:
Վիճակագրության համաձայն՝ հասուն մայրերի երեխաներն ավելի փոքր քաշով են ծնվում, քան երիտասարդ ծննդկանների երեխաները: Բացի այդ, ծնողների տարիքն անդրադառնում է նաև երեխայի օրգանիզմում քրոմոսոմային շեղումների, մասնավորապես Դաունի սինդրոմի առաջացման վրա: Սակայն, բարեբախտաբար, ժամանակակից ախտորոշման ձեռքբերումները թույլ են տալիս բացահայտել առկա շեղումները հղիության դեռևս վաղ փուլերում, և դա հնարավորություն է ընձեռում խուսափել գենետիկորեն հիվանդ երեխա լույս աշխարհ բերելու վտանգից: Ի դեպ, շեղումների առաջացման հարցում միայն մայրը չէ, որ պատասխանատու է:
Եթե հայրը պապիկի տարիքի է
Այո, հոր տարիքը ևս ազդում է երեխայի առողջության վրա: Տղամարդու սերմը ժամանակի ընթացքում ենթարկվում է գենետիկական զգալի փոփոխությունների, ինչը պայմանավորված է ծանր աշխատանքով, ոգելից խմիչքների և ծխախոտի չարաշահմամբ: Հավանականությունը, որ ողնուղեղի և սրտանոթային համակարգի արատով երեխա կծնվի, ավելի մեծ է, եթե հոր տարիքը քառասունհինգն անց է: Սա, հետևաբար, մեծացնում է երեխաների մահացության վտանգը:
Ինչպե՞ս կանխել վտանգը: Այն տղամարդիկ, ովքեր ցանկանում են մեծ տարիքում ճաշակել հայրության բերկրանքը, խորհուրդ է տրվում անպայման նախնական գենետիկական հետազոտություն անցնել և ժառանգի ծնունդին պատրաստվել այնքան լրջորեն, որքան կինը: Այդ ամենով հանդերձ ուշ հայրությունն իր առավելություններն էլ ունի: Մեծ տարիքի տղամարդիկ հանգիստ և հավասարակշռված հայրեր են դառնում, և երեխան մեծանում է հուզական կայունության մթնոլորտում, ինչը նրան ապահովության զգացում է տալիս:
Հասուն հայրերի կյանքի փորձն էլ իր հերթին է երեխայի նկատմամբ մեծ պատասխանատվություն թելադրում: Այդպիսի հայրերը քնքշությամբ են հոգ տանում երեխայի մասին՝ մեծ ներդրում ունենալով նրա կայացման և դաստիարակության հարցում:
Ծննդաբերե՞լ, թե՞ ոչ
Եթե ձեզ տանջում է այս գրեթե համլետյան հարցը, մտածեք այն մասին, որ ծննդաբերությունը մի քանի բաղադրիչ գործոն ունի, որոնց մեջ տարիքը գլխավոր տեղում չէ: Ավելի կարևոր է հղիությանը գրագետ պատրաստվելը և բժիշկների խորհուրդներին ուշադիր հետևելը: Հաճախ մեծ տարիքի կինը, ով չունի ժառանգականության հետ կապված խնդիրներ և առողջ ապրելակերպ է վարում, ավելի մեծ ուժ և տոկունություն է դրսևորում, քան երիտասարդ աղջիկը: Այդ պատճառով էլ կենսաբանական տարիքը կարող է արմատապես տարբերվել անձնագրում նշված տարիքից: Ծննդալուծումը այս դեպքում կատարվում է կեսարյան հատմամբ:
Տարիների ընթացքում կուտակված իմաստությունը և համբերությունը ձեզ մեծ ուժ կտան, որպեսզի հաղթահարեք դժվարությունները, իսկ որպես պարգևատրում կլինի մայրության մեծագույն բերկրանքը: Հավատացած եղեք, որ փոքրիկ էակը, ում թույլ կտաք լույս աշխարհ գալ, կփոխի ձեր կյանքը՝ այն լցնելով անաղարտ սիրո լույսով: Երեխաները երջանկություն են: Ցանկացած տարիքում:
Նյութի աղբյուր