Ռուսական կողմը Ավետիսյանների սպանության գործը քննելիս դատահոգեֆիզիոլոգիական փորձաքննություն է իրականացրել, այն է՝ ստի դետեկտոր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը:

«Ստի դետեկտորով պարզում են՝ ոչ թե ինչ է տեղի ունեցել, այլ Պերմյակովի պատկերացումներով ինչ է տեղի ունեցել: Այսպիսով, եզրակացությամբ նշվել է, որ դեպքի վերաբերյալ էական հանգամանքների մասին հարցեր տալիս Պերմյակովի մոտ հակաազդակներ են ի հայտ գալիս՝ ակնհայտ դրսեւորված: Ըստ էության՝ նա նշել է, որ ինքն է կատարել հանցագործությունը: Այսինքն՝ իր մոտ կան պատկերացումներ, որ ինքը մտել է այդ տուն եւ սպանել է այդ ընտանիքի բոլոր անդամներին»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Փաստաբանի խոսքով՝ ազդակներ են գրանցվել նաեւ՝ երբ Պերմյակովին հարցրել են, թե միայնակ է գործել, թե ոչ: Հաջորդ կարեւորագույն հարցին, թե Վալերի Պերմյակովը նպատակային է գնացել հենց Ավետիսյանների տուն, թե պատահական է ընտրվել այդ տունը, պոլիգրաֆի հետազոտությամբ նույնպես պարզվել է, որ մինչեւ այդ տուն մտնելը նա փորձել է այլ տներ էլ մտնել, փորձել է բացել դռները, սակայն չի հաջողվել, եւ քանի որ Ավետիսյանների տան դարպասը բաց է եղել, մտել է նրանց տուն:

Ինչ վերաբերում է հենց սպանության դրվագին, ապա ստի դետեկտորով պարզվել է, որ Պերմյակովը հայտնել է, որ առաջինը սպանել է Աիդա Ավետիսյանին, ապա՝ գրեթե միաժամանակ Սերյոժա եւ Հասմիկ Ավետիսյաններին, այնուհետեւ Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին եւ Սերյոժա Ավետիսյանին:

«Շատ կարեւոր է, թե ինչ է նկարագրում յուրաքանչյուրի հետ կատարվածի վերաբերյալ: Հարցրել են սպանության շարժառիթների մասին: Օրինակ՝ ինչու է սպանել Աիդա Ավետիսյանին: Ըստ պոլիգրաֆի՝ արժանահավատ է համարվել այն, որ Վալերի Պերմյակովը մտել է ներս, երբ լույսն ընկել է աղջկա դեմքին, նա անակնկալ արթնացել է, իր մոտ հանկարծակի, իրադրությունից բխող գործողություններ են եղել, ինքը կրակել է: Այնուհետեւ նշում է, որ երբ մտել է երկրորդ սենյակ, Սերյոժա Ավետիսյանին սպանել է պառկած ժամանակ: Այստեղ մենք որոշակի հակասություն ունենք քրեական գործի մյուս տվյալների հետ, մասնավորապես մենք ունեինք, որ զենքի փողի վրա առկա է Սերյոժա Ավետիսյանին ԴՆԹ-ն, այսինքն՝ ենթադրվում է, որ նա զենքի փողը բռնել է, բայց Պերմյակովը հերքել է, որ ինքը նրա նկատմամբ այլ բռնի գործողություն է կատարել, եւ նշել, որ նա տեղից վեր չի կացել: Նորից նշեմ, որ սրանք իր սուբյեկտիվ ընկալումներն են»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Այնուհետեւ Պերմյակովը պատմել է, որ դրանից հետո կրակել է Հասմիկ Ավետիսյանի ուղղությամբ՝ նշելով, որ նա չի հասցրել նստել կամ վեր կենալ, բայց փորձել է վեր կենալ: Դեպքի վայրի զննության ժամանակ, երբ հետազոտվել է դեպքի վայրը, պարզվել է, որ Հասմիկ Պողոսյանի ոտքերը մահճակալից դուրս եկած են եղել: Սա նշանակում է այստեղ եւս նրա ցուցմունքը որոշակիորեն համապատասխանում է գործի տվյալներին:

«Շատ հետաքրքրական է Արմեն Ավետիսյանի հետ կապված դրվագը: Այստեղ ինձ մոտ որոշակի հավատ է առաջանում պոլիգրաֆի նկատմամբ, քանի որ ինքը պոլիգրաֆի հետազոտության ժամանակ այնպիսի տեղեկություններ է հայտնում, որոնք նույնիսկ մինչ այդ ցուցմունքում հայտնած չի եղել: Մասնավորպես նա սկզբում նշում է, որ երբ արդեն երկրորդ սենյակում կրակոցներ եղան, երրորդ սենյակից մի տղա է վազելով եկել, դուռը բացել եւ արդեն գրեթե սենյակ մտնելու ժամանակ կրակել է նրա ուղղությամբ, եւ Արմեն Ավետիսյանն ընկել է գետնին: Սրա մասին ասել է ցուցմունքում: Բայց արդեն հայտնում է նաեւ, որ երբ գետնին փորի վրա ընկած էր, երկրորդ կրակոցն է վերեւից ներքեւ կատարել եւ դրանով վերջ դրել նրա կյանքին: Փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ Արմեն Ավետիսյանի մոտ հայտնաբերվել է վերեւից ներքեւ վնասվածք, որը ստացել է գետնին ընկած վիճակում»,- նշեց փաստաբանը:

Մինչդեռ Արաքսյա Պողոսյանի վերաբերյալ դրվագի վերաբերյալ հակասական տվյալներ է հայտնել Պերմյակովը: Փաստաբանի խոսքով՝ մեղադրյալը նախ նշել է, որ Արաքսյա Պողոսյանը նստել էր անկողնում, գոռում էր եւ հեռախոսով փորձում էր զանգել, ապա նշել է, որ հեռախոսով զանգ չի եղել: Առավել արժանահավատ է համարվել, որ Արաքսյա Ավետիսյանը վերմակով ծածկվել է կրակոցի ժամանակ, հավանաբար փորձել է ծածկել նաեւ իր կողքին գտնվող երեխային:

Փոքրիկ Հասմիկ Պողոսյանի սպանության վերաբերյալ, փաստաբանի խոսքով, Պերմյակովը դարձյալ հակասական ցուցմունքներ է տվել. մեկ նշել է, որ սպանել է հրազենով, մեկ՝ սվինով, մեկ՝ կանգնած դիրքում, մեկ՝ պառկած: Պոլիգրաֆով հանգել են այն եզրակացության, որ աղջնակին սպանել է սվին դանակով, սակայն Հասմիկ Ավետիսյանի մարմնին սվին դանակի հետքեր չեն հայտնաբերվել:

Նշենք, որ փաստաբաններն այսօր ներկայացրել են դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

NEWS.am