Քրեական աշխարհում տեղի ունեցած վերջին միջադեպերի հետ կապված՝ այսօր «Հայելի» ակումբում ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Ցանկացած երկրում հանցագործություն կա: Եթե հանցագործների դեմ ուզում ենք պայքարել, ապա պետք է ճնշենք ողջ հատվածը: Այդ երիտասարդներին գնդակահարեցին արդարադատության նախարարության ուղիղ դիմաց: Քիլլերը միշտ դիրքավորում է ընտրում, իր կրակային գիծը, որպեսզի հանգիստ գնա: Քիլլերը ուսումնասիրում է քամու ուղղությունը, տեսախցիկների առկայությունը: Բայց մեր այս քիլլերները թքած ունեին դրա վրա, եկան ու գնդակահարեցին ուղիղ արդարադատության նախարարության շենքի մոտ: Իհարկե, կգտնվեն նրանք միանշանակ: Բայց կարող է դատեն էլ, մի քանի օր հետո լինեն ազատության մեջ»: ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանի խոսքերով՝ ամեն մի միջադեպ կարող են կապել քաղաքականության հետ:. «Սիրելի բարեկամներ, եկեք հարգենք Սահմանադրությունը եւ անմեղության կանխավարկածը: Մենք, առանց ուսումնասիրելու եւ առանց փաստեր ունենալու՝ չենք կարող անուններ ասել, անուններ ես չեմ տա»: Նա վստահեցրեց, որ մեղավորները, ովքեր էլ լինեն, կպատժվեն: Հարցին, Գուրգեն Արսենյանը, Գագիկ Բեգլարյանը մասնակցում էին այդ հանցագործ աշխարհի ներկայացուցիչների՝ քրեական տարրերի՝ Երրորդմասցի Լյովիկի թաղմանը, սա չի՞ նշանակում, որ նրանք կապված են այդ աշխարհի հետ՝ Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Եթե թաղի մարդիկ են, ճանաչում են իրար, եթե թաղմանը գնում են, ուրեմն անպայման պիտի կապված լինեն հանցագործ աշխարհի հե՞տ: Սա կենցաղային խնդիր է»: Գուրգեն Եղիազարյանը համաձայնեց. «Մենք հայ ենք, գնացել է թաղմանը: Ես մոտավոր գիտեմ, թե ինչի են դա ասում, այդ սեւ նետն ուր է ուղղված: Հազար տեսակ նրբություն կա, հարս կա, բարեկամ կա, երբ մարդը չի կարող չգնալ թաղմանը»: Խոսելով Հիմնադիր խորհրդարանի՝ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին՝ Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Ժիրայր Սեֆիլյանի հետ չէր կարելի նման կերպ վարվել՝ Արցախի հերոսի հետ: Ես նրա գաղափարները չեմ կիսում, ինքը ԵՄ է ասում, չեմ կիսում իր կարծիքը, բայց չէր կարելի նրա հետ նման կերպ վարվել: Ես Ֆելիքս Ցոլակյանի մասին բավականին լավ կարծիքի էի, բայց իր մարզում Սեֆիլյանին դիմավորում են հանցագործ խմբավորումներ, երբ մարզպետը անվտանգության գեներալ է: Փոխոստիկանապետը, եթե թուրքերը տանկերով մտել էին Գյումրի եւ մարտեր էին ընթանում, դրա համար ասաց, որ պարոն Սեֆիլյան, մենք ձեր անվտանգության համար երաշխավոր չենք, եթե մտնեք քաղաք՝ դա ուրիշ հարց է, բայց եթե չկար նման բան, ուրեմն թող փոխոստիկանապետը բարի լինի ուսադիրները հանձնի ու գնա իրենց տուն, որովհետեւ նա պարտավոր է, մենք նրան դրա համար ենք փող տալիս, որ նա պաշտպանի բոլորի, այդ թվում՝ նաեւ ընդդիմադիր Ժիրոյի անվտանգությունը»: Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ Գյումրիում նախ Սեֆիլյանին կանգնեցրել են հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ: Մկրտիչ Մինասյանն ասաց. «Ես կասկածում եմ, որ նման բան կարող է լինի»: Նա խոստացավ, որ կզբաղվեն այդ հարցով:

www.aravot.am