Պոռնոֆիլմերը հաճախ ստեղծում են անգիտակցական սեռական բարդույթներ, անիրական սեռական սպասելիքներ, սեռական առասպելներ: Սեռական հարաբերությունը նսեմացվում է մինչեւ զուտ սեռական ակտ լինելու մակարդակի, որտեղ ամենաէականն առնանդամի պնդության աստիճանն է, սեռական հարաբերության տեւողությունը կամ կնոջ օրգազմն ու դրա քանակությունը: Մինչդեռ սեռական կյանքը ենթադրում է իրական, փոխադարձ մարդկային հարաբերություն, որը հարստացնում է անձի ներաշխարհը եւ նպաստում նրա ինքնառեալիզացիային եւ ընդհանուր առողջության ամրապնդմանը:
Շարունակաբար պոռնո ժանրի ֆիլմեր դիտելն աստիճանաբար սպանում է սեքսուալ հարաբերությունների ցանկությունը: Դիտելով պոռնոֆիլմ՝ մարդու օրգանիզմն առանց ջանքերի արտադրում է մեծ քանակությամբ հաճույք պատճառող հորմոններ, ինչի հետեւանքով էլ ժամանակի ընթացքում ինտիմ հարաբերություններ ունենալու ցանկությունը վերանում է: Աստիճանաբար տուժում է նաեւ էրեկցիան, այսինքն՝ սեռական կարողությունը:
Վիրտուալ կյանքով ապրող մարդը ժամանակի ընթացքում հեռանում է իրական կյանքից, դառնում է չշփվող և ինքնամփոփ, «պաղած» էմոցիաներով: Դրա ծայրահեղությունն էլ վիրտուալ սեքսն է (Cybersex), երբ էրոտիկ նկարների, ֆիլմերի օգնությամբ գրգռվում են, նույնիսկ հասնում օրգազմի: Նման վիճակի տեւականությունը հետագայում կարող է բավական լուրջ սեռական խանգարումների առաջացման պատճառ դառնալ: Պատճառը թվացյալ, անիրական, բայց արդեն ձեւավորված եւ արմատացած պատկերն է, ուրվագիծը, ինչից էլ գրգռվում է անհատը: Այսինքն՝ իրական փոխհարաբերություններն ամբողջովին փոխարինվել են վիրտուալով: Հետեւաբար, այս ամենից զերծ մնալու առումով ողջունելի են «բնական», իրական, ազատ և անկեղծ միջանձնային փոխհարաբերությունները:
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ,
սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
բժշկական գիտությունների թեկնածու