Որքան կինը մեծ է ու փորձառու, այնքան հաջող է նրա կարիերան, բայց նույնքան էլ դժվար է կյանքի ուղեկից գտնելը: Ցավոք, մեր տղամարդիկ զգուշորեն են վերաբերվում այդպիսի կանանց: Լինում են նույնիսկ այնպիսիք, ովքեր չեն խուսափում հանուն նյութական շահի եւ սեփական փառասիրության խաղալ կնոջ զգացմունքների հետ:

Արտասահմանյան ընկերություններից մեկի գլխավոր մենեջեր, 35-ամյա Անուշի հետ հանդիպեցի իր աշխատասենյակում: Նա սլացիկ կազմվածքով, խնամված, հաճելի ձայնով ու նուրբ շարժումներով կին է: 10 տարի առաջ Անուշը բաժանվել է ամուսնուց, մեկ դուստր ունի: Ամուսնալուծությունից հետո նա տղամարդկանց հետ չի կարողանում նոր հարաբերություններ կառուցել:

«Սկզբում ես չէի մտածում այդ մասին: Դժվար էի հաղթահարում ամուսնալուծությունը, տրվեցի աշխատանքին: Հենց այդ ինձ օգնեց հաղթահարել դեպրեսիան: Անձնական կյանքիս համար ժամանակ չունեի, պահանջ՝ նույնպես: Բայց ես նորմալ կին եմ եւ, ինչպես ցանկացած կին, ցանկանում եմ, որ կողքիս սիրելի մեկը լինի, ում վրա կկարողանամ հույս դնել: Բայց մեր տղամարդիկ շատ բարդույթավորված են, հատկապես, եթե նրանց առջեւ հաջողակ կին է»,- պատմում է Անուշը:

«Շատերը մինչեւ հիմա համոզված են, որ կինը կարող է հաջողության հասնել միայն անկողնու միջոցով: Ես իմ մասին մեկ անգամ չէ, որ լսել եմ նման բան: Սկզբում վիրավորվում էի, բայց ժամանակի հետ միեւնույն դարձավ»: Նրա խոսքով, կա՛մ տղամարդը վախենում է շարունակել հարաբերությունները՝ իմանալով նրա պաշտոնի եւ եկամուտների մասին, կա՛մ սկսում է ցուցադրել իր հզորությունն ու առավելությունը:

«Մեկը կար, ով հենց ռեստորանում սկսեց ինձ ցույց տալ, թե համաշխարհային ինչ բրենդների հագուստ է հագել: Ամեն ինչ մանրամասն ներկայացրեց՝ վերնաշապիկից մինչեւ գուլպաները»,- ծիծաղելով պատմում է Անուշը:

«Այլ տեսակ էլ կա, ում դուր է գալիս, որ կողքին այնպիսի կին է, եւ ձգտում է ամբողջ աշխարհին ցույց տալ, թե ում է հաջողվել անկողին քարշ տալ: Ի դեպ, կարեւոր չէ, իրականում նման բան եղե՞լ է, թե՞ ոչ: Այդպիսի տղամարդիկ կնոջն ընկերներին ներկայացնելիս, նախքան անունն ասելը հիշատակում են նրա պաշտոնը, բազմիմաստ դադար տալիս, որպեսզի զգան արդյունքը»,- տխուր ժպիտով ասում է Անուշը:

Հանդիպում են նաեւ այնպիսիք, ովքեր չեն խուսափում Ալֆոնսի դերից:

«Նույնիսկ չեմ ցանկանում հիշել, բայց ստիպված եմ եղել նաեւ այդ հաղթահարել: Այդ տեղի ունեցավ ամուսնալուծությունից 3-4 տարի անց: Ծանոթացա հաճելի երիտասարդի հետ: Անունն Արթուր էր: Բարետես, հումորի զգացումով… Մեր հարաբերությունները սկսվելուց մի քանի ամիս անց նա ինձանից խոշոր գումար պարտք խնդրեց: Ես մինչեւ ականջներս սիրահարված էի եւ ոչինչ չկասկածելով՝ տվեցի, իսկ հետո՝ նորից: Բայց երբ ինձ խնդրեց իմ անունով մեծ վարկ վերցնել, սթափվեցի»,- պատմում է Անուշն ու հավելում, որ չի ցանկանում տրվել այս պատմության մանրամասներին: «Ամենավատն այն է, որ այսպիսի պատմությունները քիչ չեն: Եվ պարտադիր չէ, որ կինը մեծ եկամուտ ունենա»:

«Մյուս նրբությունն էլ հայերի այն համոզմունքի մեջ է, որ ամուսնալուծված կանայք հասանելի են: Հայ տղամարդը վստահ է, որ եթե կինն ամուսնալուծված է, ապա, կոպիտ ասած, «ճանապարհը բաց է», ոչինչ չունի կորցնելու եւ կարելի է շատ ջանք չթափել: Նման մտածելակերպի շատ եմ բախվել: Դրա հետ մեկտեղ, ամեն անգամ մերժում ստանալով՝ նրանք զարմանում են ու անմիջապես ասում. «Չէ՞ որ արդեն կույս չես»: Բայց այդ չի նշանակում, որ ես ինչ-որ մարմնավաճառ եմ: Ես այդ առումով նախապաշարմունքներ չունեմ, բայց ինձ հունից հանում է այդպիսի վերաբերմունքը: Եվ հետո՝ բամբասկոտությունը: Այո, այո…

Եթե սեքս է եղել, նրանք հաջողությամբ պատմում են ամբողջ քաղաքին: Իսկ այդպիսի հեռանկարը, հաշվի առնելով մեր հասարակության մտածելակերպի նրբությունները, ինձ դուր չի գալիս: Այդ պատճառով, նույնիսկ դժվար է խոստովանել, բայց ես արդեն 5 տարի սեռական հարաբերություն չեմ ունեցել»,- նշում է նա: «Հայ կին լինելը բարդ է, սակայն կրկնակի բարդ է նաեւ հաջողակ եւ ինքնաբավ լինելը: Այդպիսի հայուհին միայնության է դատապարտված: Թեեւ, ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում եւ, չնայած իմ բացասական փորձին, ես դեռ հույս ունեմ»:

Լուիզա Սաքունց

(Հերոսուհու անունը փոխված է)

NEWS.am STYLE