Ռուսաստանում հայերի միության նախագահ, հայտնի գործարար Արա Աբրահամյանը Հայաստան էր եկել ոչ թե քաղաքական պատճառներով, այլ իր տարեդարձը նշելու: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա եղբայրը՝ նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանն («Բռլյանտի Գագո») ասաց, որ Արա Աբրահամյանը Հայաստան էր եկել՝ տարեդարձը նշելու նպատակով եւ նրա այցը ոչ մի կապ չունի վարչապետի նշանակման, նոր կառավարության ձեւավորման հետ: Ինչ վերաբերում է նախագահի հետ հանդիպմանը եւ նրան Էներգետիկայի նախարարի պաշտոն տալուն, Գագիկ Աբրահամյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել են Արա Աբրահամյանի տարեդարձին: «Նախագահի հետ հանդիպել ենք, բայց այդ հարցը չենք քննարկել»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե հիմա ձեզ տանում են Էներգետիկայի նախարար, թե ոչ, նախկին պատգամավորն ասաց հետեւյալը. «Ես որտեղի՞ց իմանամ»:
Ի դեպ, ապրիլի 16-ին արդեն Արա Աբրահամյանին ճանապարհել են:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ այս օրերին Մոսկվա-Երևան տրանզիտը շատ ակտիվ է գործում. Հայաստան են եկել թե Արա Աբրահամյանը, թե ռուսաստանյան էմիսար Անդրանիկ Նիկողոսյանը։ Երկուսն էլ՝ նույն «առաքելությամբ»։ «Առաջինը փորձում է իր եղբորը՝ Գագիկ Աբրահամյանին տեսնել էներգետիկայի նախարար, նախորդ օրը երեկոյան նա եղել է Սերժ Սարգսյանի մոտ։ Իսկ հաջորդ օրը մյուս եղբոր՝ Սերգեյ Աբրահամյանի ծննդյան օրն են նշել Բլուրում գտնվող վերջինիս տանը, որին ներկա է եղել նաև Սերժ Սարգսյանը։ Ինչ վերաբերում է Նիկողոսյանին, ապա նա Հայաստան է եկել ոչ միայն պաշտոն զբաղեցնելու, այլև Ռուսաստան-Հայաստան «օսը» արթուն պահելու, նաև «զորավար» Վլադիմիր Գասպարյանից մեդալ ստանալու համար»,–գրել էր թերթը։