Այսօր սիրված դերասան Գուժ Մանուկյանը նշում է իր ծննդյան 77-ամյակը: Նրան առաջինը շնորհավորել են դուստրերը և ընկերը՝ դերասան Ժան Նշանյանը, ով նոր է եկել ԱՄՆ-ից: Այս մասին Life.panorama.am-ին հայտնեց ինքը՝ Գուժ Մանուկյանը: Նրա խոսքով այսօր չեն դադարել հեռախոսազանգերը, դրանց միջոցով ծանոթ ու անծանոթ երկրպագուների՝ իրեն հղած շնորհավորանքները:
Գուժ Մանուկյանն ասում է, որ իր ծննդյան օրն այնքան էլ չի սիրում, քանի որ խուսափում է ուշադրության կենտրոնում լինելուց. նրա համար յուրաքանչյուր օր էլ հիշարժան է:
Մեր այն հարցին, թե դերասանն այս տարվա հետ կապված ինչ ցանկություններ ունի, վերջինս պատասխանեց. «Ինքս ինձ մաղթում եմ, որ առողջ լինեմ ու նոր դերեր խաղամ»:
Դերասանը, վերհիշելով ծննդյան տոներից ամենահիշարժան նվերը, առանձնացրեց շախմատը, որ տարիներ առաջ ստացել էր Երվանդ Ղազանչյանից: «Առհասարակ, շախմատ շատ եմ սիրում, ու դրա հետ կապված ցանկացած նվեր ուրախացնում է ինձ»,-նշեց նա:
Մեր այն հարցին, թե ում հետ է Գուժ Մանուկյանը պատրաստվում նշել ծննդյան օրը, վերջինս պատասխանեց, որ այս օրը ինքը կանցկացնի ընտանիքի և Ժան Նշանյանի հետ: