Ես չգիտեմ, թե Սամվել Լիմինդրի Ալեքսանյանին Իրաքում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն է, թե լրջության երանգներ ունի (եթե մեր իշխանությունները Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին, կրթության նախարար նշանակեին՝ բացարձակապես չէի զարմանա), բայց ժամանակն է, որ մենք մեր ներուժն արտահանեինք դուրս և օգնեինք հետպատերազմյան ցայտնոտի մեջ գտնվող իրաքցի բարեկամներին.
* Իրաքը դեռևս կաղում է մենաշնորհների հարցում և հարկավոր է կտրուկ քայլեր ձեռնարկել…
* Ինչպես յուրաքանչյուր հետպատերազմյան երկիր՝ Իրաքում արագորեն զարգանում է մանր ու միջին ձեռներեցությունը, ինչի դեմը հարկավոր է հապշտապ առնել…
* Հետսադամյան շրջանում անգործ են մնացել իրենց առաջնորդին՝ Սադամին ճղճղաձայն գովերգող և նրան Հիսուսից հետո երկրորդ մարդը համարող կանայք, ուստի Ալեքսանյանն օր առաջ պետք է գործուղվի Իրաք՝ սուրբ տեղը դատարկ չթողնելու վեհ առաքելությամբ…
* Իրաքցի պառլամենտականների կանայք ճնշված վիճակում են և չեն տիրապետում երկրի հարստության և ոչ մի տոկոսին: Ալեքսանյանի առջև դրված է հստակ հանձնարարական՝ ներմուծել Իրաքում ժողովրդավարական արժեքներ, վերացնել կանանց ճնշյալ կարգավիճակը և նրանց դարձնել երկրի հարստության գերակա մասի կրողը, որպեսզի ամուսինները գծավոր կոստյումներով զբաղվեն օրենսդրական գործունեությամբ…
* Իրաքում բազմաթիվ պատմական նշանակության շինություններ և հասարակական կարևորագույն կառույցներ պատերազմից հետո վերածվել են կռիսանոցների: Ուրիշ ով, եթե ոչ մեր փառապանծ խորհրդարանականը պետք է բարեկարգի և ժողովրդին վերադարձնի այդ կառույցները…
* Միջագետքի բազմաթիվ դրախտային անկյուններ տառապում են քյաբաբահոտի և մուղամային ոռնոցների բացակայությունից, հարկավոր է Իրաքում զարկ տալ փարվանայաշինությունը…
* Եվ վերջապես, կենսական նշանակության ապրանքատեսակների ներմուծումը գտնվում է անկազմակերպ վիճակում: Անթույլատրելի է, որ լայն սպառման ապրանքների ներմուծումը դուրս է մեկ անձի վերահսկողությունից և Իրաքի ազգային անվտանգության տեսանկյունից հարկավոր է այն շտապ կենտրոնացնել մեկ մարդու ձեռքին:
Չեմ խոսում այն գլոբալ խնդրի մասին, որ նավթի պաշարների սպառմանը զուգահեռ առաջ կգա կեղծ, փոխարինող վառելիքի արարման անհրաժեշտություն, իսկ Հիսուսից հետո երկրորդ մարդը այդ գլոբալ խնդրի լուծման գլխավոր բանալին է…
Բարի գալուստ ուրախ կյանք, իրաքցիներ…
Վարուժան Բաբաջանյան
Աղբյուր՝ lurer.com