ՔԿՀ լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նա գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», առայժմ որեւէ վիրահատության չի ենթարկվել:

Իսկ երգչի փաստաբան Մկրտիչ Վասակյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նա «Դատապարտյալների հիվանդանոց» է տեղափոխվել մոտ մեկ շաբաթ առաջ: Նա նշեց, որ Կարեն Հակոբյանը բազմաթիվ առողջական խնդիրներ ունի՝ նեվրոզ, լյարդի, ստամոքսի լուրջ խնդիրներ: Այժմ դատապարտյալը հետազոտման փուլում է, չի բացառվում է, որ լյարդի եւ ստամոքսի խնդիրների պատճառով վիրահատվի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 37-ամյա Արամ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող երգիչ Կարեն Հակոբյանը դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր  Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: 2008 թվականին Ռուբեն Հակոբյանը, որը հանրության շրջանում հայտնի է եղել «երգիչ Կարեն» անվամբ, հյուրախաղերի եւ ստեղծագործական նպատակով մեկնել է ԱՄՆ եւ մինչեւ 2012 թվականի փետրվար ամիսը բնակվել այնտեղ: 2010 թվականի ապրիլին, Ռ. Հակոբյանի ազգական, Աշտարակ քաղաքի բնակիչ, քրեական գործով վկա Արման Նորայրի Ալեքսանյանի եւ հանգուցյալ Ա. Հովակիմյանի բանավոր պայմանավորվածությամբ, Արման Ալեքսանյանը 3000 ՀՀ դրամ օրավարձով սկսել է վարել Ա. Հովակիմյանին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 23 ՕՕ 998 հաշվառման համարանիշի ավտոմեքենան: 2011 թվականի գարնանը մեքենան վթարի է ենթարկվել եւ Ալեքսանյանը պարտավորվել է իր միջոցներով այն վերանորոգել: Ավելի ուշ Ա. Հովակիմյանը Ա. Ալեքսանյանից պահանջել է 200 հազար դրամ, Ա. Ալեքսանյանն առարկել է նրան, հայտնել, որ իրականում նշված գումարն ուռճացված է, եւ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար Ա. Հովակիմյանը զանգահարել է ԱՄՆ-ում բնակվող Ռ. Հակոբյանին եւ նրան ներկայացրել ստեղծված իրավիճակը: Ռուբեն Հակոբյանը, հաշվի առնելով Ա. Հովակիմյանի հետ մտերիմ լինելու, ինչպես նաեւ իր կնոջ ազգական լինելու հանգամանքները, ավելորդ կոնֆլիկտներ չլինելու պատճառով, նշած գումարն ուղարկել է վերջինիս: Որոշ ժամանակ անց, երգիչը Ալեքսանյանից տեղեկացել է, որ Հովակիմյանը նորից հանդիպել է նրան, հայտնել, որ սխալ հաշվարկ է կատարել եւ նրանից պահանջել եւս 90 հազար դրամ գումար եւ այդ հարցի շուրջ շարունակաբար հեռախոսազրույցներ են ունեցել: 2012 թվականի փետրվարին, երբ Ռուբեն Հակոբյանը վերադարձել է Աշտարակ, տեղեկացել է, որ Ա. Հովակիմյանն իր հասցեին անվայել եւ վարկաբեկող արտահայտություններ է արել: 2012թ. մայիսի 8-ին, ժամը 20.00-ի սահմաններում, երբ Ռ. Հակոբյանը գնացել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 29 հասցեի շենքի մոտակայքում գտնվող բակային տարածքում, նրանք հանդիպել են եւ վիճաբանության ընթացքում  Հակոբյանն իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել է Ա. Հովակիմյանին ոտքերին եւ, ստորին վերջույթներին: Վերջինս մահացել է հիվանդանոցում:

Դատարանը, քննելով գործը, վճռել էր Ռուբեն Սամվելի Հակոբյանին մեղավոր ճանաչել մի քանի հոդվածներով եւ դատապարտել է ընդհանուր հաշվով 9 տարվա ազատազրկման, որը պետք է կրի ՀՀ ԱՆ քրեակատարողական համապատասխան հիմնարկում:

news.am