Լրագրողական հետաքննությունների միջազգայն կոնսորցիումը տեղեկություն է հրապարակել HSBC բանկի այն մասնավոր հաճախորդների մասին, որոնք խուսափում են հարկերից եւ թաքցնում են միլիոնավոր դոլարների հասնող իրենց ակտիվները։

Այդ հաճախորդների ցուցակում կան նաեւ Հայաստանի քաղաքացիներ։ Հայաստանը առավել խոշոր հաշիվներ ունեցող երկրների ցուցակում զբաղեցնում է 146-րդ տեղը։ Համաձայն այդ զեկույցի՝ հաճախորդներից 10-ը այս կամ այն կերպ կապ ունեն Հայաստանի հետ։ Նրանց հաշվին կա 15 մլն դոլար եւ 23 բանկային հաշիվ՝ բացված 1989-2006թթ.։

Խոշոր հաշիվներ ունեցող անձանց ցուցակում է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը։ Համաձայն գաղտնի տվյալների՝ Կաթողիկոսը HSBC բանկի հաճախորդ է եղել 2000թ.։ Նա կապ է ունեցել «Նորին Սրբություն Գարեգին 2-րդ Ներսես» անվան տակ բացված հաշվի հետ։ Նրա հաշվին եղել է 1.1 մլն դոլար։ Սակայն այդ տեղեկություններում նշված չէ,թե կոնկրետ ինչ կապ է ունեցել Կաթողիկոսը այդ հաշվեհամարի հետ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի քարտուղարը ICIJ-ի հարցմանը ի պատասխան՝ նշել է, որ նախորդ կաթողիկոսի մահից հետո հաշիվը ձեւակերպվել է Գարեգին 2-րդի անունով՝ բարեգործական նպատակներով։ Հայոց եկեղեցու կաթողիկոսարանը ազգային կրոնական ինստիտուտ է եւ հարկատու չէ, իսկ Նորին Սրբությունը հարկային առումով անձեռնմխելի է։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը Արմենպրեսի հետ զրույցում նշել է, որ հրապարկված տեղեկությունների մեջ ոչ մի տարօրինակ բան չի տեսնում, քանի որ Մայր Աթոռի հաշիվները միշտ էլ ձեւակերպված են եղել Կաթողիկոսի անունով։

Աղբյուրը news.am-լրատվական: