«Առաջինը, որ մենք ավելացնենք 150-200 դոլար մեր բնակարանների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար, որ ավարտին հասցնեն եւ մեզ տան, երկրորդը՝ 5-10 օր ժամկետում վերադարձնեն մեր տված գումարները, սակայն 25 տոկոսը պահելով, եւ երրորդը՝ մեզ առաջարկում են բնակարաններ՝ քառակուսի մետրը 1100 դոլարով Սեւանի փողոցում»,- հանդիպումից հետո բնակիչներին հաղորդեց բնակարանատեր Արման Ալավերդյանը։
Մինչեւ այդ բանկի ներկայացուցիչները դռան առջեւ կանգնած բնակարանատերերից միայն 15 հոգու էին անուն առ անուն հրավիրում, ինչը հարուցեց ներկաների դժգոհությունը։
«Խեղճ մարդկանց ջոկել, կանչել են մի 10 հոգու, որ կուտը տան, ուղարկեն, նորից 10 տարի էլ այսպես նստեք, մնացեք, ինչի՞ մեզ չեն կանչել, դե թող կանչեին, մենք համաձայն չենք, որ 200 հոգու փոխարեն 15 հոգի պատասխանի»,- վրդովված ասաց Բելլա Գասպարյանը։
Բնակարանատերերը ցանկանում էին, որ գոնե 25 հոգի մասնակցի հանդիպմանը, ինչին բանկի ներկայացուցիչները նույնպես չհամաձայնեցին։
Մինչեւ հանդիպման սկսվելը գրասենյակից դուրս եկավ բաժնետեր Հրաչ Կապրիելյանը, որն օրերս է եկել Հայաստան, սկսեց գոռգոռալ հավաքվածների վրա։
«Տոնուսն է կերել ձեր փողերը, Տոնուսից էլ գնացեք պահանջեք»,- ասաց Հրաչ Կապրելյանը, բայց տեսնելով, որի բնակիչները աղմկում են եւ իրեն չեն լսում, հեռացավ:
«Կոնչիտայի նման մի երկու տուն երգեց, գնաց»,- բարկացան բնակիչները։
Դրանից հետո բնակիչներն անընդհատ փորձում էին ներս մտնել, սակայն անվտանգության աշխատակիցները նրանց հետ էին մղում։ Վերջապես նրանցից երկուսին բնակարանատերերը հրելով մտցրին շենք։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: Բնակարանատերերի խոսքով՝ Տոնոյանն այժմ Վրաստանում զբաղվում է բիզնեսով։ Նրանք չեն հավատում, որ «Արցախբանկը» տեղյակ չի եղել Տոնոյանի խարդախություններին։