Գյումրիի Արցախ թաղամասում` Տերյան փողոցում, գիշերը կրակոցներ են հնչել: Ժամը 23:30-ից մինչեվ 00:30-ը սահմաններում տարբեր վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 մարդ:

Բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը «Ազատությանը» փոխանցել է, որ վիրավորներից 3-ը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրող֊ծակող գործիքներից:

Հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը պարզ է` Ղազարյան Սմբատ, Ղազարյան Գագիկ, Ղազարյան Կնյազ, Հակոբյան Վլադիմիր, Գեւորգյան Համլետ, Ղուկասյան Գագիկ:

ԳԱԼԱ-ն հայտնում է, որ 6 քաղաքացիներից երեքի վիճակը խիստ ծանր է, նրանց տեղափոխում են Երեւան, մյուս երեքը կշարունակեն մնալ Գյումրու բժշկական կենտրոնում՝ վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները Գյումրիի տարբեր թաղամասերից են՝ Արցախ, Սունդուկյան, Կ. Դեմիրճյան փողոցներից:

Կրակոցները հնչել են Տերյան փողոցում` «Պեգաս» խանութի մոտ: 2007 թվականին նույն այդ խանութի մոտ տեղի էր ունեցել փոխհրաձգություն` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եվ ԲՀԿ֊ական Արտաշես Սարգսյանի որդիների ու նրանց ընկերների միջեւ:

news.am