Քրիստինեին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ երկու դրվագով կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Ըստ մեղադրանքի՝ 34-ամյա Քրիստինե Տատարոգուլոն վիճաբանել է իր ընկերոջ ծաղկավաճառ մոր՝ Ծ.-ի հետ, հայհոյանքներ է տվել, ոտքով հարվածել ոտքին, ապտակել, ապա, ըստ նախաքննական մարմնի՝ որպես զենք օգտագործելով իր մոտ եղած էլեկտրաշոկերը, էլեկտրահարել է Ծ.-ին:
Տեսնելով, որ մարդիկ են հավաքվել, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Քրիստինեն զայրացել է, բարձրացրել շրջազգեստի փեշերը, հավաքվածներին, որոնց մեջ եղել են նաև երեխաներ, ցուցադրել է վարտիքով համարյա չծածկված սեռական օրգանները և ասել՝ ի՞նչ եք նայում, դե եկեք ու կերեք…
Քրիստինեին կարգի հրավիրելու համար ոստիկաններ են ժամանել ու դժվարությամբ են կարգազանցին նստեցրել իրենց մեքենան:
Բացի դրանից, մի քանի օր անց Քրիստինե Տատարոգուլոն դանակով եկել է նույն վայրը, հետապնդել է ընկերոջը՝ Ս.-ին, դարձյալ հայհոյել է, սպառնացել ու փորձել հարված հասցնել նրան: Քրիստինեին մի կերպ փոքր-ինչ հեռացրել է Ս.-ի հայրը, իսկ դեպքի վայր հասած ոստիկանները նրան բերման են ենթարկել:
Խուլիգանության երկու դրվագն էլ կատարվել է Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում, որտեղ Քրիստինեի հարձակման թիրախ դարձած ընտանիքը զբաղվել է ծաղկավաճառությամբ:
Երիտասարդից վեց տարով մեծ Քրիստինեն զայրույթով է լցվել՝ իմանալով, որ նրա ծնողները դեմ են իրենց ամուսնությանը:
Նախկինում դատապարտված Քրիստինեի խնամքին է անչափահաս դուստրը, ով ներկայումս, երբ մայրը կալանքի տակ է, գտնվում է երեխաների խնամքի հաստատությունում:
Այսօր մեղադրական ճառով հանդես եկավ երիտասարդ մեղադրող Ալինա Թումանյանը: Դստեր ճառն ունկնդրելու համար դատարան էր եկել մեղադրողուհու մայրը:
Ալինա Թումանյանը նշեց, որ ամբաստանյալը երկու դրվագում էլ եղել է ալկոհոլի ազդեցության տակ, երկու անգամն էլ իր հետ տարել է որպես զենք օգտագործված առարկաներ՝ էլեկտրաշոկեր ու դանակ:
Նա հայհոյել է ոչ միայն իր հարձակման թիրախ հանդիսացող ընտանիքին, այլև իրեն դիտողություն անող անցորդներին:
Բարձրացրել է շրջազգեստը, ցուցադրել իր մարմինը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, խաթարել մարդկանց անդորրը:
Դանակը և էլեկտրաշոկերը իրեղեն ապացույց են ճանաչվել: Տատարոգուլոն փորձաքննությամբ ճանաչվել է հոգեպես առողջ, մեղսունակ:
Որպես Քրիստինեի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ մեղադրողը նշեց հանցագործություններ կատարելու վտանգավոր ռեցիդիվը, հանցագործությունները ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Որպես մեղմացնող հանգամանք՝ խնամքին անչափահաս երեխա ունենալը:
Մեղադրողը հաստատված գնահատեց Քրիստինե Տատարոգուլոյի մեղքը մեղսագրված արարքներում և, որպես վերջնական պատիժ, միջնորդեց նրա նկատմամբ նշանակել 6 տարի ազատազրկում:
Պատժի սկիզբը՝ 2013 թվականի օգոստոսի 7-ից:
Դատարանը ճառի իրավունք տվեց տուժող կնոջը՝ Քրիստինեի սիրելիի մայրիկին: Կինը ասաց, թե առաջին անգամ է նման իրավիճակում, չգիտի, թե ինչ պիտի ասի: Հետո ասաց. «Իմ մեղքը գալիս է, ես էլ եմ մայր, չորս երեխա ունեմ, երկու թոռ, նա էլ երեխա ունի, մեղմ պատժեք, թող գնա իր երեխային պահի»:
Քրիստինեի շահերի պաշտպանը ժամանակ խնդրեց պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին:
1in.am