Մայիսի 6-ին Կոպենհագենում կայացավ «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն իր «Not alone»-ն երգով ելույթ ունեցավ առաջին համարի ներքո։ Մյուս 15 մասնակիցների ելույթից հետո սկսված քվեարկության արդյունքներով Արամն անցավ եզրափակիչ փուլ։ Այն կկայանա մայիսի 10-ին։
Մեր մասնակցի ելույթի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք երգչուհի Շուշան Պետրոսյանից, ով մեզ հետ զրույցում ասաց, որ Արամին համարում է շատ լավ երաժիշտ, լավ երգիչ, բայց. «Ես վստահ եմ եւ գիտեմ, որ ինքը կարող էր շատ ավելի լավ ելույթ ունենալ, բայց քանի որ բեմի մարդ եմ, շատ լավ գիտակցում եմ, թե ինչ մեծ պատասխանատվություն է՝ ներկայացնել երկիրդ, այսինքն՝ հուզմունքը շատ մարդկային է։ Երգի սկզբում ակնհայտ զգացվում էր հուզմունքը, բայց վերջում ամեն ինչ իր տեղն ընկավ՝ ե’ւ երգի, ե’ւ բեմադրության, ե’ւ իմիջի առումով։ Այդ զսպվածությունը… Ես զգացել եմ. որքան համարը թույլ է լինում, այնքան բեմի վրա շատ մարդիկ են լինում, գործողությունները շատ են լինում»,- նշեց երգչուհին՝ հավելելով, որ մենք պետք է լինենք ցանկացած հայի կողքին, ով ներկայացնում է մեր երկիրը։
«Մեր վեճը մինչեւ ընտրությունն է։ Ընտրեցի՞նք, որոշվե՞ց՝ ով է, վերջ, մեր պարտքն է լինել նրա կողքին»,- նշեց Շուշան Պետրոսյանը, ապա ընդգծեց. «Ուրախ եմ, որ Արամն առաջին փուլը հաղթահարեց եւ մեր հույսերն արդարացան, երկրորդ մասն էլ՝ Աստված մեզ հետ։ Ինձ համար, բնականաբար, Արամն ամենալավն է, բայց ես, որպես հայ, այս երկրի մարդ բոլորովին չէի ցանկանա, որ «Եվրատեսիլն» անցներ Հայաստանում, կուզեի, որ Ադրբեջանը հաղթեր, եւ ինչպես նախորդ տարի՝ 3 միլիարդ ծախսեր, որպեսզի այդքան փողի ավելի քիչ զենք արտադրեր մեր դեմ»։
Վերջում երգչուհին հավելեց. «Ես Արամին շատ եմ սիրում, ինչ էլ նա անի բեմում՝ ինձ դուր է գալիս, նա էությամբ երաժիշտ է»։
«Կուզեի, որ Ադրբեջանը հաղթեր». Շուշան Պետրոսյանը՝ «Եվրատեսիլ 2014»-ի մասին
Comments are closed.