Թվում է, թե նա հերթական անգամ արձանագրել է «ավազակապետական իշխանության» կործանում, սակայն նման հոդվածով հանդես գալու նպատակը մեկն է` մնալ Գագիկ Ծառուկյանի աջակցության ներքո, ասել է թե` թույլ չտալ Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի, այսինքն` Ծառուկյան- իշխանություն համագործակցությունը:
Ըստ Տեր-Պետրոսյանի`բոլորի համար ակնհայտ ու հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ է նշանակել ոչ ամենեւին նրա որակներն ու արժանիքները հաշվի առնելով, այլ երկրի թալանը ավելի մեծ թափով շարունակելու, ապագա ընտրություններն ու հնարավոր սահմանադրական հանրաքվեն կեղծելու եւ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի ձեռքերը կապելու նկատառումներով։ Նա կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների ձեռնարկմամբ Սերժ Սարգսյանը փորձում է լուծել նաեւ մի քանի մարտավարական (տակտիկական) խնդիրներ` Սահմանադրական փոփոխությունների խնդիրն առաջ քաշելով, Սերժ Սարգսյանը հույս է փայփայում քաղաքացիական շարժումներին ու քաղաքական կուսակցություններին, մասնավորապես Քառյակին, շեղել իրենց օրակարգից, նրանց ներքաշել սահմանադրության նոր նախագծերի անիմաստ քննարկումների մեջ:
«ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը երկու անգամ անդրադառնում է «դասական երկբեւեռ քաղաքական համակարգի» ձեւավորման գաղափարին (24.05.2014)։ Եթե ոմանց կարող է թվալ, թե այս գաղափարը Սարգսյանի ուղեղում ծնվել է քաղաքագիտության այբուբենի սերտման արդյունքում, ապա այդպես կարծողներին ես պետք է հիասթափեցնեմ։ Իմ խորին համոզմամբ, երկբեւեռ կամ երկկուսակցական քաղաքական համակարգի գաղափարն ընդամենը ճղճիմ հաշվարկի վրա կառուցված թափանցիկ պատգամ (մեսիջ) է՝ հասցեագրված Գագիկ Ծառուկյանին եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Դրանով Սերժ Սարգսյանն, ըստ էության, վերջիններիս ստորագույն քաղաքական գործարք է առաջարկում, այն է՝ թեկուզ միայն սահմանադրական բարեփոխումներին համաձայնություն տալու դիմաց ապագա ընտրություններում ՀՀԿ-ի հետ «ախպերավարի» կիսել խորհրդարանական մանդատները եւ հաշտ ու խաղաղ տիրել Հայաստանին, իհարկե, ԲՀԿ-ին վերապահելով կրտսեր գործընկերոջ կամ «կուճուր ախպոր» կարգավիճակը։
Բայց քանի որ թե՛ Ծառուկյանը, թե՛ ԲՀԿ-ն բազմիցս վճռականորեն դեմ են արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին, վստահ եմ, որ նրանք ոչ մի պարագայում չեն կուլ տա այս խայծը։ Այլապես նրանք կկորցնեն վերջին երկու տարվա ընթացքում ձեռքբերած հեղինակությունն ու լուրջ քաղաքական գործոնի վաստակած համբավը։ Եւ ընդհանրապես, որեւէ քաղաքական ուժ, որը կաջակցի սահմանադրական բարեփոխումների ձախորդ նախաձեռնությանը,կդառնա Հայաստանի գերեզմանափորների՝ Սերժ Սարգսյանի ու նրա գլխավորած Հանրապետական կոչվող ավազակախմբի մեղսակիցը», նշել է Տեր-Պետրոսյանը։ Ինչպես միշտ կործանվող երկրի փրկության հրամայականը նա համարում է` «օր առաջ ազատվել այս ազգակործան իշխանությունից… Իսկ եթե դա մոտակա ժամանակներս չհաջողվի եւ բանը հասնի սահմանադրական հանրաքվեի, ապա այդ հանրաքվեն, համազգային անվստահության ցույցի վերածելով, պետք է դարձնել իշխանափոխության վերջին, վճռական հանգրվանը»։
Այսինքն` ստացվում է, որ Տեր-Պետրոսյանը որեւէ երաշխիք չունի, որ Քառյակը մինչեւ սահմանադրական փոփոխություններ կարող է իշխանափոխության հարց բարձրացնել, իսկ սա արդեն բավական խոսուն արձանագրում է առաջին նախագահի կողմից: Նման պայմաններում նույնիսկ հարց է առաջանում, եթե քառյակն արդեն իսկ այպիսի վիճակում է` աշնանը հանրահավաքներ անելու նպատակը ո՞րն է: Իսկ ամենազավեշտալին այն է, որ Տեր-Պետրոսյանը ֆիքսում է, թե Ծառուկյանը, վճռականորեն դեմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին եւ որ վստահ է, որ ոչ մի պարագայում չի կուլ տա այդ խայծը, «այլապես կկորցնի վերջին երկու տարվա ընթացքում ձեռքբերած հեղինակությունն ու լուրջ քաղաքական գործոնի վաստակած համբավը»։ Այսինքն` Տեր-Պետրոսյանը յուրօրինակ ձեւով շանտաժի է ենթարկում արդեն Ծառուկյանին, նրան հասկացնելով, որ ընդամենը երկու տարում է Ծառուկյանը հեղինակություն ձեռք բերել, քանի որ Տեր-Պետրոսյանի «ձեռքի տակ» է գտնվում եւ հենց դուրս գա նրա աջակցության սահմաններից` կկորցնի վաստակած հեղինակությունը: Դե ինչ, սա բավական «բազմանշանակ» խոստովանություն է, որի արձագանքը Ծառուկյանից լսել, իհարկե, հետաքրքիր կլինի…

hayeli.am