Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի Լեւոն Ա.-ն մեղադրվում է իր 16-ամյա կնոջ՝ Էմմա Վ.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Լեւոնն ու Էմման ամուսնացել են 2012թ. դեկտեմբերի 10-ին, երբ Էմման եղել է 15 տարեկան: Դեկտեմբերի 10-15 ընկած ժամանակահատվածում փոխադարձ համաձայնությամբ Լեւոնը սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Էմմայի հետ, որից հետո նրանք որպես ամուսիններ շարունակել են ապրել ամուսնական կյանքով, որի արդյունքում Էմման հղիացել է:

Լեւոն Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, որը նախատեսում է ուղղիչ աշխատանքներ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 11-ին:


Աղբյուր՝ news.am