Լիլիթ Հովհաննիսյանն ընդամենը մի քանի տարում կարողացավ հանրահայտ դառնալ ոչ միայն ռեալում, այլև վիրտուալում: Հայկական շոու բիզնեսում նրան է պատկանում երգերի, տեսահոլովակների, շրջագայությունների տարվա ռեկորդը: Միայն այս տարի նա հինգ տասնյակից ավելի համերգներ է ունեցել Հայաստանում և արտասահմանում: Հաճախ է մեկնում նաև ԱՄՆ: Այնտեղ, համերգներից բացի, անցնում է տարբեր ֆոտոսեսիաներ, սկսում նոր նախագծեր: Ի՞նչ սպասել երգչուհուց ու ե՞րբ է պատրաստվում բալիկ ունենալ…

-Վերջին մեկ տարում ավելի շատ տեսահոլովակ, երգ և համերգ ոչ մի հայ աստղ չի ունեցել: Որտեղի՞ց Ձեզ այդքան էներգիա և, ամենակարևորը, ֆինանսական միջոցներ:

– Փառք Տիրոջը, որ տալիս է ինձ աշխատելու կարողություն և համապատասխան հնարավորություններ զբաղվելու իմ սիրած աշխատանքով: Իսկ ֆինանսները, որոնցով ես ձայնագրում եմ երգեր, նկարում տեսահոլովակներ, միայն ու միայն վաստակում եմ իմ աշխատանքի շնորհիվ: Երկրագնդի վրա չեք կարող գտնել մեկին, որ կասի, թե հովանավորել է ինձ կամ անգամ չնչին գումար է ներդրել իմ կարիերայի վրա: Ամեն բան անում ենք ես ու ամուսինս միասին: Վերջին մեկ տարում ավելի քան 50 համերգով եմ հանդես եկել արտասահմանում և նաև մի քանի անգամ ելույթ եմ ունեցել Հայաստանում և շատ ուրախ եմ, որ հիմնականում գումար եմ վաստակում հենց համերգային գործունեության արդյունքում:

-Դուք Ձեր տեսահոլովակներում շատ եք տարբերվում հայ աստղերից: Միգուցե այդպես ցանկանում եք ներխուժել միջազգային շոու բիզնե՞ս:

– Ոչինչ չեմ արել և հիմա չեմ անում միջազգային շուկա մտնելու համար: Այլապես քայլերս այլ կլինեին: Ասեմ ավելին: Մի քանի անգամ մերժել եմ եվրոպական և ռուսական շուկա մուտք գործելու շատ ծանրակշիռ առաջարկներ ու դրանք մերժել եմ ամենատարբեր պատճառներով: Մի կոնտրակտը չկնքեցի, որովհետև պետք է 5 տարի հայերեն չերգեի: Կարծում եմ` դեռ շատ անելիքներ ունեմ այստեղ` հենց միայն ինձ համակրող հայ հանդիսատեսի համար:

-«Youtube»-ում Ձեր տեսահոլովակները հավաքում են, մեղմ ասած, շատ դիտումներ: Հաճախ Ձեզ մեղադրում են, որ արհեսատականորեն ավելացնում եք դիտումները:

– :))Գիտեմ: Դժվար է հավատալ ինչ-որ մեկի հաջողությանը, մանավանդ որ կեղծիքը այդքան տարածված է: Ես ունեմ պայմանագիր «youtube.com»-ի ու ամերիկյան չափազանց հեղինակավոր «Foollscreen» ընկերության հետ, որոնք իմ տեսահոլովակների վրա տեղադրում են գովազդեր և վճարում են լուրջ գումարներ ամեն մի իրական դիտումի համար: Չես կարող այդ լուրջ ընկերությունների հետ անկեղծ չլինել ու մնալ անպատիժ: Իմ տեսահոլովակներից գրեթե յուրաքանչյուրի դիտումները շատ կարճ ժամանակում անցնում են միլիոնի կամ երկու միլիոնի սահմանագիծը, ու մի բան հաստատ կարող եմ ասել. «Youtube»-ում միլիոնավոր դիտումներ ունենում են այն տեսահոլովակները, որոնք, բացի ինտերնետից, նաև հնչում են ամենուր: Այսինքն` իմ և գործընկերներիս միայն իրական հիթերն ունեն շատ դիտումներ:

-Հաճախ վիրավորանք պարունակող քոմենթներից խուսափել չի ստացվում: Ինչպե՞ս եք վարվում դրանց հետ. թողնո՞ւմ, թե՞ հեռացնում եք:

– Իմ ինտերնետային աշխատակիցները հեռացնում են յուրաքանչյուրի հասցեին հնչած վիրավորանք և սարկազմ պարունակող մեկնաբանությունները: Իմ աշխատանքներն ամեն ոք իրավունք ունի վերլուծել, քննարկել, դրանց մասին արտահայտել իր բացասական կարծիքը, բայց ոչ ոք իրավունք չունի վիրավորել ինձ: Ցավոք, մեզ մոտ խախտված է քննադատելու և չարախոսելու սահմանագիծը: Վերջերս շատ է խոսվում, որ այն մարդիկ, որոնք ընտրել են հանրային մարդ լինելու կարգավիճակը, պիտի պատրաստ լինեն և համակերպվեն բացասական կարծիքի հետ: Այդքան էլ համամիտ չեմ այդ մտքի հետ: Մեզանից յուրաքանչյուրը հայտնի է իր չափով. մեկը հայտնի է իր 30 համակուրսեցիների մեջ, մեկը՝ իր 100 աշխատակիցների շրջանակում, մյուսն էլ` իր 2000000 համերկրացիների մեջ: Սակայն չեմ կարծում, որ հաճելի կլինի Ձեր արած աշխատանքի վերաբերյալ անընդհատ լսել բացասական կարծիքներ կուրսեցիներից կամ աշխատակիցներից: Ու միայն այն պատճառով, որ Դուք նրանցից հայտնի եք:

-Վիրտուալում ամենաշատ լայքերը Ձեր տեսահոլովակներն են հավաքում, բայց և քննադատություններն էլ քիչ չեն: Չե՞ք կարծում, որ գտնվում եք վտանգավոր տեղում. հասարակության կեսը սիրում է Ձեզ, կեսն էլ չի ընդունում:

– Համաձայն չեմ Ձեզ հետ: Եթե «Youtube»-ն ընդունենք որպես հայելի, որը արտիստի ռեյտինգի, պահանջվածության և սիրված լինելու մասին ամենաճիշտ պատկերն է ցույց տալիս, ապա միշտ իմ աշխատանքներում գերակշռում են like-երը: Վերջերս նայում էի Դիսնեյի մուլտերից ու ապշեցի, երբ պատահական տեսա dislike-ների մեծ քանակությունը: Իրոք որ, երբեմն մարդկային երևակայությունն անզոր է հասկանալ dislike-ների պատճառը:)): Այնպես որ ես հիմնականում աշխատում եմ այն մարդկանց համար, որոնք գնահատում են լավ բան անելու թեկուզ չստացված փորձերը:

-Թեև Ձեր տեսահոլովակներն անընդհատ եթերում են, բայց երաժշտական ծրագրերում գրեթե հանդես չեք գալիս: Ի՞նչն է պատճառը:

– Գերադասում եմ հիմնականում լինել այն ծրագրերում, որոնք հնարավորություն են տալիս մի քայլ առաջ անցնել, նոր բան ցուցադրել և տեղում չդոփել:

-Ընդամենը մի քանի տարի առաջ Դուք հանդես էիք գալիս բոլորովին այլ ոճով: Հիմա, սկսած մազերից մինչև երգացանկ, փոխել եք 180 աստիճանով: Ինչո՞ւ որոշեցիք դառնալ անճանաչելի:

– Ձեր հարցի վերջին հատվածը թո՛ւյլ տվեք ընդունել որպես կոմպլիմենտ: Քանի որ յուրաքանչյուր արտիստի համար անճանաչելիորեն փոխվելը կարևոր է, եթե, իհարկե, խոսքը վերաբերում է արտաքին տեսքին ու երգացանկին: Կարծում եմ՝ եթե տարիներ շարունակ մնայի նույն Լիլիթը, էլի բողոքի առիթ կտայի այն մարդկանց, որոնք, անկախ ամեն ինչից, միևնույնն է, սիրում են բողոքել:

-Ինչո՞ւ գեղեցկուհի Լիլիթ Հովհաննիսյանը դիմեց պլաստիկ վիրատության:

– Իսկ ինչո՞ւ եք այդքան համոզված, որ ես վիրահատությունների եմ դիմել: Ես անցյալ տարի հանեցի ակնոցս, ու դրանից անմիջապես հետո սկսվեցին իմ վիրահատությունների մասին ասեկոսեները: Կարծում եմ` պատճառը ակնոցիցս հրաժարվելն էր: Դրանից հետո սկսեցին երևալ աչքերս և դիմագծերս, որոնք մինչև այդ քողարկվում էին ակնոցիս հետևում: Ու նաև ունեցել եմ քթիս շրջանակում կոսմետիկ կորեկցիա, որը ոչ մի կապ չունի պլաստիկ վիրահատության հետ:

-Երբ նոր-նոր էիք հայտնվել շոու բիզնեսում, բեմական սանրվածքները Դուք էիք անում կամ Ձեր քրոջ օգնությամբ: Հիմա ովքե՞ր են զբաղվում Ձեր արտաքին տեսքով և հագուստի դիզայնով:

– Միշտ իմ սանրվածքների և իմիջի հեղինակն ինքս եմ եղել: Այն ժամանակ քույրս էր զբաղվում իմ վարսահարդարմամբ: Հետո աշխատեցի շատ այլ վարսահարդարների ու դիմահարդարների հետ, բայց միշտ որոշիչն իմ կարծիքն է եղել, քանի որ ինձ լավ եմ ճանաչում: Մի քանի անգամ համագործակցել եմ հայտնի ոճաբանների հետ, որոնք միշտ հաշվի են առել իմ նախասիրությունները և խնդրանքները, ինչի համար շնորհակալ եմ: Օրինակ՝ շատերը երևի հիշում են Տինա Միլանի հետ իմ աշխատանքները «Թե աղջիկ լինեի» տեսահոլովակի ժամանակ: Նրա հետ մոտ ապագայում նորից կհամագործակցեմ: Իմ տեսահոլովակների 99 տոկոսի մեջ բոլոր զգեստներն ու ընդհանուր ոճը եղել են ու կլինեն իմ հեղինակային աշխատանքները: Վերջին չորս տեսահոլովակներիս մեջ հագուստների հեղինակը հենց ես եմ: Մինչև այս էլ ելույթներիս ու տեսահոլովակներիս ժամանակ մեծ մասամբ կրել եմ իմ դիզայնով արված հագուստները, գլխարկները, կոշիկները և այլն: Չունեմ ու երբեք չեմ ունեցել ոճաբան կամ իմիջմեյքեր: Ինչ վերաբերում է իմիջիս, ապա, իհարկե, աշխատում եմ պրոֆեսիոնալների հետ, որոնք շատ հմտորեն իրականացնում են իմ ցանկությունները, սակայն վերջին խոսքն իմն է:

-Ո՞վ է ավելի շատ գումար վաստակում տանը` Դո՞ւք, թե՞ Վահրամը:

– Չեմ հաշվել: Մենք երկուսս էլ բավական լավ ենք վաստակում:

-Ամեն տարի միջազգային շոու բիզնեսի հայտնի դեմքերը հրապարակում են իրենց եկամուտը: Իսկ Դուք տարեկան որքա՞ն գումար եք աշխատում:

– Ամեն տարի միջազգային աստղերն էլի շատ բաներ են անում, ու նրանց օրինակին մենք չենք հետևում: Հիմա թո՛ւյլ տվեք նրանց այս հարցում էլ չհետևել և չհրապարակել կոնկրետ թիվ:):

-Միջազգային և, ինչո՞ւ ոչ, նաև տեղական աստղերի շրջանակում հիմա նորաձև է հղիանալը: Առաջիկայում Դուք պլանավորո՞ւմ եք երեխա ունենալ:

– Կարծում եմ` սա շատ անձնական հարց է: Երբեք չեմ տվել նմանատիպ հարց անգամ իմ ամենամտերիմ ընկերուհիներին: Ոմանց դեպքում երեխա չունենալու պատճառով կարող է շատ ցավոտ լինել: Պետք է կրկնեմ, բայց ես չեմ հետևելու հայտնի աստղերի շրջանակներում ընդունված կարգին ու նման հարցերում չեմ փորձելու գնալ մոդայի հետևից:

-Ձեր և Սիրուշոյի երկրպագուները բաժանվել են երկու բանակի: Դա չի՞ ազդել Ձեր հարաբերությունների վրա:

– Ո՛չ: Սիրուշոն շատ շնորհալի է, և ես գնահատում եմ նրան՝ որպես իր ուրույն ձեռագիրը և ոճն ունեցող երգչուհու: Իմ երկրպագուներն էլ, կարծում եմ, չեն կարող չտեսնել Սիրուշոյի աշխատանքը, որը միայն գնահատանքի է արժանի:

-Այս տարի երկրպագուներն էլ ի՞նչ սպասեն Լիլիթ Հովհաննիսյանից:

– Երկրպագուներս հետևում են գրառումներիս իմ պաշտոնական էջում, և միշտ գերադասում եմ նորություններս հայտնել ու իրենց արձագանքները լսել online:) Այդ պատճառով թո՛ւյլ տվեք կոնկրետ ինչ-որ բան հիմա չասել: Բայց որ տարվա ընթացքում նորություններ, այն էլ մի քանիսը կլինեն, դա հաստատ է:

newmag.am