Այս մասին NEWS.am-ին ասաց ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը:
Տնօրենի պատմելով՝ գյումրեցի ծննդկան 22-ամյա Նարիե Ղուկասյանի առաջնեկ տղան ծննդաբերության ժամանակ մահացել է։ Հարազատները, ծնարանում իմանալով երեխայի մահվան լուրը, վիճաբանել են ծնունդն ընդունող բժիշկի ու քույրերի հետ: Տնօրեն Վարդան Սարգսյանի խոսքով՝ ծննդկանի սկեսրայրն առանց իմանալու, թե ինչն է եղել երեխայի մահվան պատճառը, գոռգոռացել, հայհոյել ու փորձել է հարվածել ծնունդն ընդունող բժկուհուն ՝ Լիլիա Պողոսյանին, հետո էլ հարվածել է իրեն՝ Վարդան Սարգսյանին:
«Սկեսրայրն առանց լսելու բժիշկների բացատրությունը, հարձակվեց մեզ վրա, նա բուժքույրերին էր հայհոյում, հասավ, որ խփի, բռնեցին, խուլիգանական վերջին խոսքերն էր շպրտում, ինձ հարվածեց, բայց ես նրան չպատասխանեցի նույն կերպ, չի կարելի նման բան թույլ տալ հիվանդանոցում»,- ասաց Վարդան Սարգսյանը։
Բժշկի խոսքով՝ ծննդկան Նարինե Ղուկասյանը դեռ մայիսի 31-ին է դիմել ծննդատուն, բարձր ջերմություն է ունեցել, մնացել է բժիշկների հսկողության տակ, հունիս 1-ի լույս առավոտյան արդեն տարել են ծնարան, ծննդաբերելիս նրա մոտ նկատվել է պտղաջրերի պղտորություն՝ ինֆեկցիայի հետքերով՝ թարախային բշտիկներով, երեխան էլ ծնվել է արդեն մահացած ու որոշակի բարդություններով:
«Երբ նրան տարանք ծնարան , ծննդաբերելու պահին պտղաջրերն արդեն կեղտոտված էին, երեխան էլ ծնվեց՝ պորտալարը վզին փաթաթված, այնպես որ բժշկության մեջ նման երեւույթները լինում են մահվան ելքով»,- NEWS.am-ին ասաց Ծնունդօգնության ղեկավար Լիլիա Պողոսյանը:
«Թարախային պտղաջրի մեջ երեխան երբեք չի ապրում, փոխանակ մենք գոռանք, թե էդ ինֆեկցիան որտեղից եք բերել, հարազատները մի խուլիգանական սկանդալ են սարքել հիվանդանոցում, եւ վերջապես հիմա ինչ դեպք լինում է, ասում են՝ բժիշկները մեղավոր են, այս դեպքո՞ւմ ով է մեղավոր, էլի մե՞նք, որ նա վարակված է եղել, մե՞նք ենք մեղավոր, նրանք իրենց տարրական հիգիենային չեն հետեւում»,- ասաց ՇՄ առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:
Բժիշկների խոսքով՝ Նարինեի սկեսրայրը ու որդին ծննդատանը ծեծկռտուք կազմակերպելուց հետո զանգահարել են Ոստիկանության Գյումրու Մուշի բաժին ու բողոք ներկայացրել: Վարդան Սարգսյանն ասում է՝ ծննդատուն այցելած՝ մարզի քննչական բաժնի աշխատակիցներին անձամբ է ներկայացրել կատարվածը: Այսօր էլ ինքն է բողոք-հայտարարություն գրել, որն ուղարկել է ՇՄ դատախազ Րաֆֆի Ասլանյանին:
Կատարվածի մասին Վարդան Սարգսյանը զեկուցել է եւ՛ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, եւ՛ Առողջապահության նախարարությանը: