Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցների շրջանավարտները իրենց ավարտական երեկոն անվճար կնշեն ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, NEWS.am-ին ասաց Երկրապահի օրվա առիթով «Եռաբլուր» պանթեոն այցելած Սամվել Ալեքսանյանը:
«Ոչ մեկի չենք թողնում, որ գումար հավաքեն Վերջին զանգի համար, իրանք Փարվանայում վերջին զանգը կտոնեն, բնականաբար, անվճար»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորը նաեւ Երկրապահի օրվա կապակցությամբ շնորհավորեց քաղաքացիներին.
«Այսօր երկրապահի տոնն ա, ես մեր քաղաքացիներին ցանկանում եմ առողջություն, հաջողություն, երջանկություն»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր «Եռաբլուր» պանթեոն են այցելել ազատամարտիկներ, գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։
Նշենք, որ մայիսի 8-ը երկրապահի օրն է, որը պետական տոնացույցում ընդգրկվել է 2002թ-ից:
Աղբյուր՝ news.am