Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճով 38-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել խուլիգանության մեջ և դատապարտվել 500 հազար դրամ տուգանքի:

Ինչում է մեղադրվել երիտասարդը
Նախաքննության ընթացքում երիտասարդին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Ըստ մեղադրանքի որոշման՝ «նա 2013թ. հոկտեմբերի 17-ին` ժամը 03:30-ի սահմաններում, քննությամբ չպարզված երկու անձանց հետ, գտնվելով Ջրվեժ-Գառնի խճուղի 1 հասցեում գործող «Матрёшка» գիշերային ակումբում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում «պրիվատ» առանձնասենյակում առանձնանալով նույն ակումբի մերկապարուհի, Կոտ Դը Իվուարի Հանրապետության քաղաքացու հետ, առաջարկել է նրան իր հետ ունենալ սեռական հարաբերություն: Ըստ մեղադրանքի՝ մերկապարուհին, մերժելով երիտասարդի առաջարկը, դուրս է եկել առանձնասենյակից:

Մերժում ստանալով` երիտասարդը զայրացած մոտեցել է ակումբի սրահի բարի մոտ գտնվող մերկապարուհուն, ապտակել նրան, ապա իրեն միացած երկու անձանց հետ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ակումբում գտնվող հաճախորդների և ակումբի աշխատակիցների նկատմամբ, տվել են հայհոյանքներ, շուրջ 10 րոպե տևողությամբ ծեծի են ենթարկել մերկապարուհուն և վերջինիս առողջությանը պատճառել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Ըստ մեղադրանքի՝ այնուհետև ակումբի անվտանգության աշխատակիցները երիտասարդին և մյուսներին դուրս են հանել ակումբից, իսկ մերկապարուհին հեռացել է և թաքնվել նույն ակումբի մերկապարուհիների բնակության վայրում:

Երիտասարդը երկու անձանց հետ հետապնդել է մերկապարուհուն, մուտքի մոտ հանդիպել է «Матрёшка» ակումբի մեկ այլ մերկապարուհու, որից չստանալով նախորդի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` շարունակել է խուլիգանական գործողությունները. շուրջ 10 րոպե տևողությամբ հայհոյանքներ է տվել մերկապարուհիների հասցեին, միաժամանակ բռնություն գործադրելով` երկրորդ պարուհու մազերից քաշելով, հարվածներ է հասցրել վերջինիս և նրա առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Ըստ մեղադրանքի՝ երիտասարդի հետ եկած ոմն Գոռը ծեծի է ենթարկել «Матрёшка» ակումբի մեկ այլ մերկապարուհու:

Արագացված դատական քննություն

Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտնել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

Մեղադրողն արագացված կարգով դատական քննություն անցկացնելու միջնորդության դեմ դատարանում չի առարկել:

Տուժողները դատական քննությունն արագացված կարգով անցկացնելու դեմ առարկություն չեն հայտնել՝ հավելելով, որ իրենք հաշտվել են ամբաստանյալի հետ, նրա դեմ որևէ բողոք կամ պահանջ չունեն:

Դատարանը, համոզվելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված պայմանները, որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:

Դատարանի իրավական վերլուծություններ

Դատարանն իր վճռում նշել է, որ ամբաստանյալի անձը դրականորեն բնութագրող հանգամանքներ են` առաջադրված մեղադրանքն ընդունելը, կատարածի համար զղջալը և բնակության վայրում դրականորեն բնութագրվելը, խնամքին թոշակառու ծնողների առկայությունը:

Դատարանն արձանագրել է, որ գործում ամբաստանյալի քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանք առկա չէ:

Դատարանը գտնել է, որ կատարած արարքի համար ամբաստանյալը ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի:
Առաջին ատյանի դատարանը գտել է, որ պատժի նպատակներին կարելի է հասնել, որպես պատիժ, նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով` 500 000 դրամ տուգանք նշանակելով: Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ տուժողները հաշտվել են ամբաստանյալի հետ` նրա նկատմամբ չներկայացնելով որևէ բողոք կամ պահանջ: Դատարանը գտել է նաև, որ ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, պետք է թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատարանը վճռել է ամբաստանյալին մեղավոր ճանաչել և որպես պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով` 500 000 դրամ:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանի վճիռը դեռ չի մտել օրինական ուժի մեջ. հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում այն կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան:


Աղբյուր՝ 168.am