Կուսաթաղանթի հաստությունը կամ խորը դասավորությունը ցավի առաջացման համար լրացուցիչ գործոններ չեն համարվում, քանի որ կուսաթաղանթը մեծ առաձգականությամբ օժտված թաղանթ է և ինչպես հարկն է կարող է լայնանալ կամ պատռվել կատարված ներհրումից:
Ցավի առաջացման հիմնական պատճառը նկարագրված դեպքում հեշտոցամուտքի մկանային լարվածությունն է, որի պատճառով հեշտոցամուտքը փակվում է և անհնարին դարձնում ներթափանցումը: Մկանային այդ լարվածությունը կնոջ կամքին ենթակա չէ, այն անկառավարելի է գիտակցական մակարդակով: Այս լարվածության պատճառը հեշտոցամուտքի մկանը վերահսկող նյարդա-մկանային ռեֆլեկտոր աղեղի գլխուղեղային կենտրոնների սևեռված արգելակումն է: Այսինքն, խնդիրը գլխուղեղում սևեռուն արգելակման օջախի առկայությունն է, որը բերում է հեշտոցամուտքի փակման: Խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ այս խանգարման հիմքում ընկած են սեռական կյանքի մասին կնոջ իմացական սխալ պատկերացումները և հոգեհուզական նեգատիվ վերապրումը սեռական փորձ կատարելիս:
Այս խնդիրը մեր լեզվով կոչվում է վագինիզմ և դրա բուժումն ուղղված է գլխուղեղում առկա սևեռուն օջախների վերացմանը, հեշտոցամուտքի մկանային կծկման ռեֆլեքսի կառավարմանը, որի արդյունքում էլ ներհրումները այլևս ցավոտ չեն լինում և հնարավորություն է ստեղծվում ազատ ներթափանցման:
Բուժումը համակցված մեթոդով է՝ կոգնիտիվ հոգեթերապիա, հեշտոցային լայնիչների կիրառում և դեղորայքային թերապիա: Բուժումը անհատականացված է և հաշվի է առնում կնոջ նյարդային համակարգի տիպը, հոգեբանական առանձնահատկությունները և նաև հնարավոր միջանձնային հարաբերությունների լարվածությունը, որը հաճախ լրացուցիչ բարդություններ է առաջացնում բուժման ընթացքում:
Պատասխանեց սեքսոպաթոլոգ Նարինե Ներսիսյանը