Ի՞նչ է Պահքը: Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկում ու զսպվածություն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) եւ ոգելից խմիչքներից հրաժարվելը: Երկրորդը սրբապահքն է` նաեւ բուսական ծագման սննդից հրաժարվելը` ընդհուպ մինչեւ սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաեւ Աղուհացի շրջան): Երրորդը ծոմն է` սննդից եւ անգամ ջրից միառժամանակ ընդհանրապես հրաժարվելը:
Պողոս առաքյալը հորդորով ասում է, որ ամուսնական զույգը, եթե որոշում է նվիրվել աղոթքի (կամ պահքի), ապա միայն այն դեպքում, երբ երկուսն էլ միաժամանակ համաձայն են: Որպեսզի սատանան չփորձի մարդկանց նրանց անժուժկալության պատճառով, ուստի զույգերը վերստին պետք է կատարեն իրենց պարտքը մեկը մյուսի հանդեպ (տե’ս Ա Կորնթ. 7:5-8):
Եթե վերոնշյալին նայենք բժշկական սեքսոլոգիայի դիտակետից, ապա պետք է նշել, որ սեռական կյանքի տևական բացակայությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ թե’ սեռական, թե’ ընդհանուր առողջության վրա: Գոյություն ունեն, մարդու անհատական առանձնահատկություններով պայմանավորված (տարիք, սեռական հակման արտահայտվածություն և այլն), սեռական ակտիվության խիստ տարբեր մակարդակներ:
Սեռահասունության շրջանում յուրաքանչյուր մարդու մոտ հաստատվում է սեռական ակտիվության իր` անհատական ռիթմը կամ մակարդակը: Եվ երբ այդ ռիթմը ինչ-ինչ պատճառներով խախտվում է (այս դեպքում՝ Պահքի), առաջանում են հարկադրական սեռական ժուժկալության տարբեր դրսևորումներ: Կախված տարիքից, խառնվածքից և սեռական ցանկության ուժգնությունից` այդ դրսևորումների արտահայտվածությունը և սուբյեկտիվ ապրումների բնույթը կարող են շատ տարբեր լինել: Հարկադրական սեռական ժուժկալությունը հիմնականում դրսևորվում է նևրոզանման խանգարումներով, դյուրագրգռությամբ, քնի խանգարումներով, անհարմարավետության զգացումով, սեքսուալ թեմայի շուրջ հիվանդագին սևեռումով և այլն: Սեռական ժուժկալության դրսևորումները ցայտուն են արտահայտված հիմնականում պատանիների մոտ` սեռական հասունացման շրջանում:
Հասուն մարդիկ և տարեցները սեռական ձեռնպահությունը թեթև են տանում: Նման դեպքում հատուկ ֆիզիոլոգիական պաշտպանական մեխանիզմ է երազախաբությունը, որը թեթևացնում է տղամարդկանց մոտ տանջալից դրսևորումները: Սովորաբար, սեռական կյանքը բնականոն է դառնում սեռական ակտիվության և ռեժիմի բավարար մակարդակի հաստատումով (հիմնականում` ամուսնությամբ):
Հաճախ սեռական երկարատև ժուժկալությունից սեռական կարողությունը նվազում է, և սեռական կյանքը վերսկսելու դեպքում սերմնաժայթքումը տեղի է ունենում արագ, հատկապես` միջին և բարձր տարիքի տղամարդկանց մոտ: Այս առումով հետագա խնդիրներից խուսափելու համար բժշկական տեսակետից առավել նպատակահարմար է ընտրել չարյաց փոքրագույնը, այսինքն՝ ամբողջովին հրաժարվելու փոխարեն սեռական կենսակերպը հարաբերականորեն պասիվացնել՝ այն հնարավորինս հասցնելով նվազագույնի:
ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ,
սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու