Վերին Լարսի ճանապարհի փլուզման հետեւանքով արդեն 11-րդ օրն անցակետերում անցկացնող հայերը գտնվում են ծանր վիճակում. ռուսական կողմի պնդումները, թե նրանց սնունդ է տրամադրվում, իրականությանը չի համապատասխանում: Միայն հուլիսի 3-ից են նրանք սկսել սնունդ տրամադրել ցուցակագրված մարդկանց:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վերին Լարսում մնացած Գարեգին Կարապետյանը նշեց, որ անցակետերից քիչ հեռու վրանային ավաններ կան, որտեղ երեկվանից են սկսել սնունդ բաժանել:

«Հենց անցակետերի մոտ վրաններ կան, որը տեղի ԱԻՆ-ի շտաբն է, այնտեղ գտնվում են միայն իրենց աշխատողները: Ներքեւում արդեն երկու վրանային ավան կա ճանապարհին մնացած մարդկանց համար: Իհարկե, վրաններում նորմալ պայմաններ կան մնալու համար, սակայն խոսակցությունները, թե այս տասն օրերի հաց ու ջուր են տվել, իրականությանը չի համապատասխանում: ԱԻՆ աշխաակիցներն էլ են ասում, որ ոչ մի սնունդ չի ուղարկվել, իրենք էլ իրենց միջոցներով են սնվում: Ջուրն էլ առաջարկում են աղբյուրից վերցնել: Երեկվանից արդեն սկսել են սնունդ ու ջուր տալ»,- ասաց Գարեգին Կարապետյանը:

Ռուսական կողմը, Հայաստանի հետ համաձայնեցնելով, արդեն 6 օդանավով Երեւան է տեղափոխել ավելի քան 240 մարդ: Մինչդեռ այս պահին Վերին Լարսում ավելի քան 50 մարդ կա: Պաշտոնական 50 անձն էլ վերաբերում է նրանց, որոնք մինչեւ հիմա անցակետերի մոտ են գիշերում, նրանց մեջ չեն բեռնատարների վարորդները: Ըստ Գարեգին Կարապետյանի` շատ են այն մարդիկ, որոնք ապաստան են գտել մոտակա գյուղերում:

«Տեղեկատվության պակաս կա, ոչ հայկական, ոչ էլ ռուսական կողմը չէին ասել, որ հնարավոր է` մարդկանց տեղափոխեն Երեւան: Մարդիկ ստիպված մի քանի օրով գնացել էին մոտակա գյուղեր, Վլադիկավկազ: Իսկ Հայաստան են տեղափոխել նրանց, որոնք այդ պահին անցակետերի մոտ են եղել: Մինչեւ հիմա այստեղ կան փոքր երեխաների հետ ընտանիքներ, սակայն որոնց տեղի ԱԻՆ աշխատակիցները տեղավորել են հյուրանոցում»,- նշեց Գարեգին Կարապետյանը:

Թե ինչ է սպասվում այնտեղ մնացած հայերին, ոչ ոք ստույգ ոչինչ չի ասում: Ըստ տարբեր տեղեկությունների` ռուսական կողմը չի պատրաստվում այլեւս անվճար չվերթներ իրականացնել: Ի դեպ, Վլադիկավկազ- Մոսկվա- Երեւան տոմսերն էլ այնքան են թանկացել, որ մարդիկ պարզապես հնարավորություն չունեն վերադառնալու օդային ճանապարհով:

«Հայաստանի իշխանություններից ես անձամբ ստացել եմ հետեւյալ առաջարկը` մենք ավարտել ենք փրկարարական աշխատանքները, սա չի կարող անվերջ տեւել, ոնց ուզում եք, էդպես էլ արեք: Ռուսական կողմն էլ ոչ մի բան չի կարող ասել, քանի որ անում է այն ամենը, ինչ կարող է, եւ ասում է` մենք ունենք վրանային ավան, եկեք էնտեղ քնեք ու այդքանը: ՌԴ ԱԻՆ աշխատակիցները ամեն կերպ փորձում են օգնել, օգտակար լինել: Իսկ այստեղ մնացած հայերն էլ հնարավորություն չունեն սեփական միջոցներով վերադառնալու: Լավ է, որ տեղի հայկական համայնքն առաջին օրվանից հայերի կողքին է, հետաքրքրվում են եւ յուրաքանչյուր հարցով փորձում են օգտակար լինել»,- ասաց Գարեգին :

Նշենք, որ հունիսի 23-ին փլուզվել է ճանապարհի 504 մետրը: Վրացական կողմն արդեն 10 օրից ավելի է` փորձում է վերականգնել փլուզված հատվածը, սակայն անօգուտ. Հաջորդ օրն իսկ ճանապարհը կրկին քանդվում է: Պաշտոնական տվյալներով` մինչեւ հուլիսի 10-ը ճանապարհն անանցանելի է լինելու:

news.am