«Ադրբեջանցի պաշտոնյաներն իրանցիների նկատմամբ դեռևս անբարեհամբույր վերաբերմունք են ցուցաբերում»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում բնակվող իրանցիների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միր Ղասեմ Մոումենին:
Իրանցի պաշտոնյան, անդրադառնալով Ադրբեջանում ապրող իրանցիների խնդիրներին, մասնավորապես նշել է. «Հաճախ իրանցիներն Ադրբեջան են մեկնում առևտրային գործունեություն ծավալելու և կրթություն ստանալու նպատակով, սակայն ադրբեջանցի պաշտոնյաներն իրանցիների նկատմամբ դեռևս անբարեհամբույր վերաբերմունք են ցուցաբերում: Թեև վերջին տարիների ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաները բազմիցս նախազգուշացվել են, սակայն ցավոք որոշ իրանցիների իրավունքներ դեռ խախտվում են»:
Հիշեցնենք, որ վերջերս իրանական «Արաննյուզ.իռ» կայքը, հղում կատարելով «Վիրտուալազ.օրգ» կայքին, նշել էր, որ Ադրբեջանի փախստականների և միգրացիայի վարչության աշխատակիցներն Իրանի քաղաքացուն դաժան ծեծի են ենթարկել՝ նրան դրդելով ինքնասպանության:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակում՝
Ադրբեջանի պետական պաշտոնյաներն Իրանի քաղաքացուն դրդել են ինքնասպանության