Mozilla կորպորացիայի գործադիր տնօրեն Բրենդան Այկը ստիպված է եղել լքել իր պաշտոնը միասեռ ամուսնությունների հանդեպ իր բացասական վերաբերմունքի պատճառով: Նա պաշտոնը զբաղեցրել է մեկ շաբաթից փոքր-ինչ ավելի: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա հովանավորել է Կալիֆոռնիայում միասեռ ամուսնությունների օրինականացման հակառակորդներին:

Այկն ականավոր ծրագրավորող է, ծրագրավորման JavaScript լեզվի ստեղծողն ու կորպորացիայի համահիմնադիրներից մեկը:

Այս շաբաթ ծանոթությունների նյույորքյան OkCupid կայքը դիմել էր օգտատերերին՝ Firefox դիտարկչից հրաժարվելու կոչով՝ ի նշան բողոքի կորպորացիայի գործադիր տնօրենի դիրքորոշման դեմ:

Նրան դեմ են դուրս եկել նաև ընկերության շատ աշխատակիցներ: Շատերը հրաժարվել էին աշխատել նրա ղեկավարությամբ, իսկ տնօրենների խորհրդի նախագահ Միտչել Բեյքերը ստիպված էր եղել ներողություն խնդրել ԼԳԲՏ հանրությունից:
Աղբյուր՝ www.1in.am