Աժ-ում միջազգային պայմանագրի քննության ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի այս հայտարարությունից հետո ԱԺ-ում կրքերն այնքան շիկացան, որ իշխանության դեմ ելույթներ ունեցան անգամ ՀՀԿ-ականները։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ նախատեսվում է վարկային միջոցներն ուղղել Լանջիկից դեպի Գյումրի ճանապարհի կառուցմանը, որը պետք է ավարտվի մինչև 2015թ.: Վարկի մարման ժամկետը 30 տարի է, 0.6% տոկոսադրույքով, առավելագույնը 5 մլն եվրո՝ 12 մասհանումով: Վարկի տոկոսը մեղմելու համար 12 մլն եվրոյի չափով դրամաշնորհ է տրամադրվում: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ էին մի քանի ամիս շարունակ դադարեցվել աշխատանքները, և արդյոք ՎՊ բացահայտած չարաշահումների հետ կապված քննարկում եղե՞լ է, եւ արդյոք մարդիկ պատժվե՞լ են: Փոխնախարարը վստահեցրեց, որ աշխատանքի դադարեցումները կապված էին եղանակային ռեժիմի հետ: ՎՊ բացահայտումներին անդրադառնալով ասաց, որ տնտեսական գործընթաց է, տեղի է ունեցել որոշակի շեղումներ որակից. «Ինչ վերաբերում է հետևանքներին, ապա մեր մասնագետները մինչ ՎՊ զեկույցը արձանագրել են թերացումները և մինչ այս ծրագրում եղած միջոցները չենք վճարել, պահանջել ենք վերացնել թերություները»: Պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ նկատեց, որ վարկի թեստավորման խնդիր կա։ Բագրատյանը տարակուսեց նաեւ՝ եթե Երևան-Աշտարակ հատվածը առաջին կարգի ճանապարհ է, էլ ինչ կարիք կար ավելի լավ առաջին կարգի սարքել: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ հարկ է շնորհավորել Սերժ Սարգսյանին՝ վարկային համաձայնագրերի կապակցությամբ, քանի որ սա հոբելյանական պայմանագիր է, քանզի դրա շորհիվ ՀՀ արտաքին պարտքը գերազանցում է 4 մլրդի սահմանագիծը: Փաշինյանի կարծիքով՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրման ծրագիրը հայտնվել է ներիշխանական խմբավորումների պայքարի կիզակետում, Գագիկ Բեգլարյանը առաջին իսկ հնարավորության դեպքում պաշտոնանկ արեց Արա Հովսեփյանին՝ Սերժ Սարգսյանի փեսայի մտերիմին: «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հետ չմնած ընդդիմադիր գործընկերներից, նա նույնպես արձանագրեց, որ արտաքին պարտքի ավելացման հարցը զգայունություն է առաջացնում ցանկացած պատգամավորի ու քաղաքացու մոտ՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Նա հետաքրքրվեց փոխնախարարից․ «Առաջին հարցը վերաբերում է ֆինանսական աղբյուրներին։ Ձեր ներկայացված փաստաթղթում Հայաստանը Ասիական զարգացման բանկի հակաճգնաժամային հայտնի հիմնադրամից 150 մլն դոլար լրացուցիչ ֆինանսավորման հայտ է ներկայացրել: Որքա՞ն է իրատեսական սպասել մինչև այս ամսվա վերջ այդ վարկային համաձայնագրի հաստատումը ստանալու համար: Արդյո՞ք ճապոնական կառավարության և ճապոնական ներդրումային հիմնադրամի հետ բանակցություններ վարվել են այս ներդրումային ծրագրին նրանց մասնակցության վերաբերյալ, նրանք հետաքրքրվա՞ծ են նման պրոյեկտում մասնակցություն ունենալու հարցում»: Ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, որ ծրագրի շրջանակում բոլոր դոնոր կազմակերպությունների հետ քննարկվում է հնարավոր միջոցների ներգրավման հարցը: «Ասիական զարգացման բանկը լիդերի դեր է ստանձնել, ու մենք դեմ չենք, հայտ ուղարկել ենք նաև Եվրասիական բանկի կառավարման խորհրդին, որպեսզի ներգրավենք 150 մլն վարկ, որ Մեղրիի սահմանից մինչև Քաջարան ճանապարհը կառուցենք: Ճանապարհը հնարավորինս շուտ պետք է հանձնենք, որ տնտեսական էֆեկտ էլ ունենանք: Եթե շուտ հանձնենք ծանր բեռնված մեքենաները որպես ալտերնատիվ օգտագործելու են ճանապարհը, և այն իր տնտեսական էֆեկտով վերադարձնելու է գումարները: Ինչ վերաբերում է Ճապոնիային, ապա բանակցությունները շարունակվում են, և որևէ արդյունքի մասին խոսելը դեռ վաղ է»։
Մի բան ակնհայտ է՝ անկախ պատկան մարմինների <արդարացումների> եւ <հիմնավորումների>, ծրագրով նախատեսված գումարները նպատակային չեն իրագործվել եւ հավելյալ գումարի անհրաժեշտություն է առաջացել։
Ներիշխանական խմբավորումների պայքարի կիզակետում…
Comments are closed.