Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմը, որի պրեմիերան Հայաստանում նախանշված էր փետրվարի 13-ին` համաշխարհային ցուցադրությանը զուգընթաց, մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում, ինչի հետևանքով անգամ չեղյալ հայտարարվեց ֆիլմի ցուցադրությունը: Պարզելու համար, թե ինչ է իրենից ներկայացնում նիմֆոմանիան, արդյո՞ք տեղին էր այն անբարոյականության հետ համեմատելն ու առհասարակ, ովքե՞ր են նիմֆոմանուհիները, Slaq.am-ի լրագրողը զրուցեց Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի  կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանի հետ: Ստորև ներկայացնում ենք սեքսոպաթոլոգի խորհուրդները:

Շատերը կարծում են, որ դա մեծ երջանկություն է` սիրային հարաբերություններ ունենալ նիմֆոմանուհու հետ և ամեն օր ու ամեն պահի լինել ցանկալի կնոջ համար, իսկ մի քանի շաբաթից վերածվել քամած լիմոնի և ահով դիտել գեղեցկուհուն, ում հնարավոր չէ բավարարել:

Նիմֆոմանուհին նույնպես հայտնվում է ոչ այդքան բարենպաստ իրավիճակում: Սեքսի ժամանակ նա կարող է օրգազմ ունենալ, բայց բավարարվածություն չստանալ:

Սեռական անբավարարվածությունը բերում է նրան, որ կինը վեր է ածվում սկանդալների սիրահար հիստերիկի, աղմկոտ տեսարանների խանդոտ սիրահարի: Նա զուգընկերոջ ներկայությամբ  սկսում է թատերական  դրամաներ խաղալ` փորձելով մանիպուլյացիայի ենթարկել նրան, երբեմն ստիպված է խաբել բոլորին, որպեսզի կարողանա բավարարել իր սեռական պահանջմունքները:

Նիմֆոմանուհին սեքսի անկառավարելի ցանկություն է զգում, պատրաստ է սեռական հարաբերություններ ունենալ ցանկացած զուգընկերոջ հետ` առանց ուշադրություն դարձնելու այնպիսի պայմանականությունների, ինչպիսիք են՝ տարիքը, կարգավիճակը, արտաքինը, իսկ երբեմն էլ ` վայրը:

Նիմֆոմանիան (νύμφη (nymphe) — հարսնացու, μανία (mania) — կիրք, խելագարություն, լատ. nymphomania) կանանց նորմայից ավելի սեքսուալ ակտիվությունն է կամ հիպերսեքսուալությունը: Այս երևույթը ունի երկու հիմնական պատճառ: Մի դեպքում /ավելի հաճախ/ այն առաջանում է հոգեկան խանգարումների, ինչպես նաև կանացի սեռական օրգանների ֆունկցիայի խանգարումների հետևանքով: Մեկ այլ դեպքում այն կնոջ թերարժեքության բարդույթի պատճառով է տեղի ունենում, այդ թվում նաև սեռական անբավարարության:
Ընդ որում` եթե նորմալ մարդիկ կարողանում են կառավարել իրենց սեքսուալ ցանկությունները, ապա նիմֆոմանիայով տառապող կանայք /նիմֆոմանուհի/ դա չեն կարողանում: Արդյունքում պատահական սեռական կապերի թիվը գերազանցում է բոլոր նորմաները: Ավելի հաճախ նման հիվանդություն ունեցող կանանց համար միևնույնն է, թե ինչ տարիքի, կազմվածքի, արտաքին տվյալների անձնավորություն է նրանց զուգընկերը:

Հիվանդությունը կարող է առաջանալ նաև դաշտանային ցիկլի դադարից՝ կլիմաքսից հետո, չնայած այս տարբերակը շատ հազվադեպ է պատահում և թաքնված հոգեկան խանգարումների /շիզոֆրենիա, հիստերիա, փսիխոզևայլն/ արդյունք է:
Նման հիվանդություն գոյություն ունի նաև տղամարդկանց մոտ և կոչվում է Սատիրիազիզ (հուն. οΣατιρος — Սատիր— անտառային աստվածներ, պտղաբերության դևեր, որոնք հայտնի էին ալկոհոլի նկատմամբ հակվածությամբ և նորմայից բարձր սեքսուալ ակտիվությամբ: Սովորաբար ուղեկցում էին խաղողի և գինու Դիոնիսոս աստծուն): Ընդ որում` սրա մասին ավելի քչերին է հայտնի, քանի որ հաճախ դժվար է տարբերել սատիրիազիսը և պրոմիսկուիտետը: Վերջինս անկանոն սեռական կյանքն է բազմաթիվ զուգընկերների հետ, որը կարող է լինել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանաց մոտ: Այդպես անվանել են դեռևս չզարգացած ցեղախմբերում ընտանիքի և բարոյական նորմերի բացակայության պայմաններում ցեղի անդամների միմյանց հետ անկանոն կապերը: Դա հասարակության կողմից չխրախուսվող վարք է, սակայն հիվանդություն չէ:

Իսկ Սատիրիազիսը տղամարդու սեռական անբավարարության, այլ հիվանդությունների (կապված սեռական օրգանների, կենտրոնական նյարդային համակարգի խանգարումների հետ) կամ թերարժեքության բարդույթի հետևանքով նորմայից ավելի սեքսուալ ակտիվությունն է: Ընդ որում` նման տղամարդիկ, ինչպես և նիմֆոմանուհիները, տևական կապեր չեն ունենում միևնույն զուգընկերոջ հետ, չեն ամուսնանում կամ ամուսնանում են շատ հաճախ: Չեն կարողանում կառավարել իրենց ցանկությունները: Այս հիվանդությունը նույնպես ուղեկցվում է հոգեկան խանգարումներով: Ինչպես և նախորդ դեպքում, այնպես էլ այս, սեռական բավարարվածություն ստանալը դառնում է հիվանդագին նպատակ:

Գերբարձր սեռական ցանկությունը շեղում է, որը ուղեկցվում է տվյալ անհատի անձնական և ֆիզիոլոգիական շեղումներով: Մեր կլինիկական գործունեության ընթացքում ևս հանդիպում ենք նման դեպքերի, երբ կինը գանգատվում է գերուժեղ ու անսանձ սեռական ցանկությունից:
Թե՛ նիմֆոմանիան, թե՛ սատիրիազիսը հնարավոր է բուժել, եթե անձը գիտակցում է իր վիճակը և ժամանակին դիմում է բժշկի, սակայն, կախված հիվանդության փուլից, կարող է երկարատև բուժում պահանջվել:

Հարցազրույցը՝ Սաթինե Թադևոսյանի:


Աղբյուր՝ www.slaq.am