eMedia.am–ի հետ զրույցում մեկնաբանելով «Նիմֆոմանուհին» ֆիլմի ցուցադրության շուրջ բարձրացված աղմուկը և «որոշ շրջանակների» արձագանքը, Նելլի Հարոյանն ընդգծում է, որ վերոնշյալ հարցադրումների մասին բացահայտորեն հասարակությունում չեն խոսում ու ցանկացած այդպիսի երևույթ, որ կպնում է այդ շերտին, հակասական վերաբերմունք է ձևավորում.
«Մի կողմից կա հետաքրքրություն, մյուս կողմից՝ զզվանք և արհամարհանք և քննադատական վերաբերմունք տվյալ երևույթին։ Նույն բանը, թերևս կապված է այդ ֆիլմի հետ։ Մի կողմից հետաքրքիր է, մյուս կողմից փակ թեմա է ու այդ բնույթի ցանկացած սենսացիոն բան ոչ միանշանակ վերաբերմունք է առաջացնում ու հասարակությունը բաժանվում են բանակների»,– նշել է մասնագետը։
Շատ դեպքերում նման ֆիլմերը, որոնք անդրադառնում են ինտիմ կյանքի տարբեր կողմերին, երբեմն էլ նորմայից դուրս գտնվող երևույթներն առաջացնում են երկակի զգացողություն՝ մի կողմից ցանկանում են մերժել, մյուս կողմից մտածում են, որ դա, փաստորեն, նորմա է ու կարելի է ունենալ կյանքում:
Բացի այդ, մասնագետի կարծիքով, նման թեմաները շեղող բնույթ են կրում և հաճախ օգտագործվում են սոցիալական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար.
«Սա այն թեման է, որն անպայման բոլորին կհետաքրքրի և՛ երիտասարդությանը, և՛ մեծերին ու որպեսզի նրանք քաղաքական ու սոցիալական ավելի սուր խնդիրների վրա չկենտրոնանան, այդպիսի թեմաներ են երևան գցում, որ հասարակությունը կենտրոնանա դրանց վրա»։
Հայաստանում, ըստ հոգեբանի, նմանատիպ խնդիրներն ուղղակի ավելի սուր են ընդունվում ու քննարկվում, հավանաբար, պայմանավորված մեր ազգային մտածողության և ընկալման առանձնահատկություններով:
emedia.am
Նշենք, որ նիմֆոմանիան կանանց մոտ չափից ավել սեռական տարվածությունն է, հիպերսեքսուալության տեսակ է: Նիմֆոմանուհիներին հատուկ է անընդմեջ սեռական անբավարարվածությունը, սեռական պատկերացումները, նոր զուգընկերների անընդմեջ փնտրտուքը, ինչը հանգեցնում է պատահական սեռական կապերի: