ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է 700 մլն դոլարի հայկական եվրապարտատոմսերի տեղաբաշխմանը՝ վիճարկելով դրա արդյունավետությունը՝ համեմատություն անցկացնելով այլ երկրների հետ: Նա նաև հարցադրում է հնչեցրել՝ արդյո՞ք եղել է ամերիկյան հեռուսաաստղ Քիմ Քարդաշյանի համաձայնությունը՝ արժեթղթերը նրա անունով թողարկելու համար:
ԱԺ պատգամավորի ֆեյսբուքյան գրառումը մեջբերում ենք ամբողջությամբ. «Մի քանի օր առաջ ԵԿՄ համագումարում Նախագահ Սարգսյանը ասաց, որ ընդդիմադիրները լավը չեն տեսնում ու ցեխ են շպրտում իշխանության վրա։ Օրինակ, ասում է նա, մի՞թե անուրանալի հաջողություն չէր 2013թ.-ի սեպտեմբերին կուպոնի դրույքը 6%-ով հայկական եվրապարտատոմսերի տեղաբաշխումը 700 մլն դոլար ծավալով։ Ի դեպ, շարունակում է նա, մեր երկրի վարկանիշն այնքան բարձր է, որ 2013թ 6%-ից 2014թ փետրվարին դրույքը իջել է 5.8%-ի։ Մեր նախագահը ինչպես երևում է հայտնվել է Տիգրան Սարգսյանի ինտելեկտուալ ճիրաններում։ 6%-ից 5.8%-ի իջնելու պարագան արդեն բացատրել եմ QE ծրագրի ազդեցությամբ։
Հիմա 6%-ի մասին։ 2013թ սեպտեմբեր-2014թ փետրվար արանքում 7 տարվա ժամկետով բարձր գումարով (հաճախ՝ մլրդ և ավելի գումարով) եվրաարժեթղթեր են տեղաբաշխել Վրաստանը՝ 5.7%, ՌԴ-ն՝ 4.3%, Լեհաստանը՝ 3.27%, Լատվիան՝ 1.15%։ Հիմա մեր հաջողությունն այստեղ ո՞րն է։ Իհարկե, 6%-ը ձախողում չէ։ Բայց Վրաստանը սփյուռք ու տրանսֆերտներ չունենալով՝ 5.7%։ Բացի դա, Մյուդիսով Վրաստանի վարկանիշը մեզանից ցածր է, և այդ տրանսֆերտների պատճառով միշտ ցածր կլինի։ Մյուս կողմից, այսօրվա դարում մի՞թե հաջողություն կարելի է համարել ռուսական «լիբոր+3» տոկոսը 6%-ոց եվրոպականով փոխարինելը։ Կարո՞ղ է խնդիր կա ռուսական 500 մլն դոլարի վարկի ծախսման հետքերը մաքրելու։
Մի վերջին դիտողություն ևս. հայկական բոնդերը թողարկվել են Քիմ Քարդաշյանի նիկնեյմով։ Նրա համաձայնությունը եղե՞լ է»։
Աղբյուր՝ www.tert.am