Արևմտյան արժեքներով առաջնորդվող ընկերության գրքի առաջին մրցանակաբաշխությունը՝ Orange գրքի մրցանակ 2011ը ևս ուղեկցվել է խայտառակ աղմուկով, և վերջնարդյունքում առաջին տեղի հավակնորդ Պարույր Սանթրոսյանի պատմվածքը մրցույթի եզրափակիչ փուլից հանվել է : Hayeli.am-ի հետ զրույցում հեղինակը՝ Պարույր Սանթրոսյանը, պատմեց, որ երբ Orange առաջին անգամ գրքի մրցանակաբաշխություն է հայտարարում, ընկերների խորհրդով մասնակցում է նաև ինքը՝ ներկայացնելով <<Մահապատժից ժամեր առաջ>> պատմվածքը: <<Մասնագիտական ժյուրին երեք լավագույն պատմվածք էր ընտրել, որոնցից մեկն էլ իմ պատմվածքն էր: Հաջորդ փուլում արդեն հաղթողը պետք է որոշվեր ֆեյսբուքյան լայքերի միջոցով: Իմ պատմվածքը առաջատարն էր: Եզրափակիչ փուլ անցած երեք մասնակիցներից մեկը սկսեց աղմուկ բարձրացնել, թե քվեարկությունն անարդար է, որովհետև իմ օգտին քվեարկում էին նաև իմ ուսանողները: Թե դրանում ինչն էր տարօրինակ կամ դատապարտելի, ես այդպես էլ չհասկացա: Մամուլն սկսեց այդ մասին գրել: Ես օրը մի քանի անգամ ինչ-որ բացատրությունների էի տալիս, ինքս էլ չգիտեմ, թե ինչու: Հետո սկսվեց հարձակման երկրորդ փուլը՝ վարդագույն երանգներով տարբեր մարդիկ և անհասկանալի հասարակական կլազմակերպություններ ինձ սկսցին մեղադրել հոմոֆոբիկ հակումների մեջ, թե իբր ես ատելություն եմ քարոզել միասեռականների հանդեպ: Բաց նամակ գրեցին իմ դեմ <<Ոչ մի լումա՝ հոմոֆոբիա տարածողներին>> վերնագրով, և ես հայտնվեցի հարձակումների թիրախում:

Բանը հասավ նրան, որ Orange-ի ղեկավարության առաջարկով ես հանդիպում ունեցա ընկերության պատասխանատուների հետ, զրուցեցին, ներկայացրեցին իրենց մտահոգությունները: Հենց հաջորդ օրն իսկ Orange-ի ղեկավարության կողմից իմ պատմվածքի տակ ավելացավ ծանոթություն հետևյալ բովանդակությամբ. <<Այս ստեղծագործությունը պարունակում է մտքեր, որոնք կարող են դիտարկվել որպես ատելության խոսքեր հասարակության տարբեր խմբերի՝ այդ թվում նույնասեռականների նկատմամբ:

Ցանկանում ենք հաստատել, որ Orange Արմենիան, լինելով պատասխանատու ընկերություն և կրելով Orange-ի ու Ֆրանս Տելեկոմի արժեքները, չունի տարբերակված վերաբերմունք մարդանց որևէ խմբի նկատմամբ` լինի կրոնական, սեռային, ռասայական, սեռական կողմնորոշման կամ ազգային բնույթի: Ստեղծագործությունների հեղինակների և կերպարների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել Orange-ի կարծիքի և քաղաքականության հետ>>:

<<Սա իհարկե աբսուրդ էր, որովհետև իրականում նման բան չկար: Եվ այդ պատմվածքին ծանոթ է, կարող է վկայել, որ այնտեղ ընդամենը մեկ-երկու նախադասություն կա, որտեղ ընդամենը կարծիք էր հայտնվում: Այնպես որ՝ երկու տարի առաջ ես համարյա հռչակվել էի հանրապետության թիվ մեկ հոմոֆոբ: Ես խայտառակ վատ նյարդային վիճակում էի, առանց այդ էլ հանրային ճնշումը մեծ էր. հանրապետության բոլոր անհասկանալի սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ հարձակվել էին ինձ վրա>>,- մեզ հետ զրույցում պատմեց Պարույր Սանթրոսյանը: Այս ընթացքում «Օրանժ Արմենիան» հաղորդագրություն է տարածում, որտեղ նշված էր.  «Եթե «Մահապատժից ժամեր առաջ» պատմվածքը քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվի և ենթակա լինի հրատարակման, ապա «Օրանժը», անշուշտ, հաշվի կառնի մարդու/ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպան հասարակական կազմակերպությունների մտահոգությունները և գրքում կներառի բացատրական տեքստ ընկերության դիրքորոշման վերաբերյալ կամ խորհուրդ կտա հեղինակին վերանայել ստեղծագործության որոշ հատվածներ»: Նման մոտեցումը, ինչպես  Պարույր Սանթրոսյանն է նշում, իր համար անընդունելի էր. <<Երբ տեսա, որ Orange-ի  ղեկավարության վերաբերմունքն էլ շատ հակասական էր, շատ խորը  հիասթափություն ապրեցի և որոշեցի հրաժարվել մրցույթից: Իմ բոլոր քվեարկողներին էլ կոչ արեցի, որ քվեարկեն երրորդ մասնակցի օգտին, ով 15-ամյա մի աղջնակ էր, որպեսզի գոնե այդ երեխան իրեն սփոփված զգա: Ես նույնիսկ նամակ գրեցի՝ Orange-ի ղեկավարությանը տեղեկացնելով, որ եթե նույնիսկ հաղթեմ, հրաժարվելու եմ մրցանակից>>: Հեղինակի խոսքով՝ հաջորդ տարին ինքը հատուկ մեկ այլ պատմվածք է գրել և ուղարկել նույն մրցույթին, որպեսզի կազմակերպիչներն իմանան, որ անկախ ամեն ինչից՝ ինքը շարունակում է ստեղծագործել: Այսօր, երբ Եվրատեսիլում հաղթել է տրանսֆեստիստ Կոնչիտան, Պարույր Սանթրոսյանը հարկ է համարում հարցնել՝ փաստորեն միասեռականն իրավունք ունի հաղթելու, իսկ հակառակ կարծիք ունեցողը իրավունք չունի՞: << Ես չէի առաջարկում բոլոր միասեռականներին սպանել կամ ոչնչացնել, ես ընդամենը կարող եմ չէ՞ կարծիք ունենալ. դա էլ իմ իավունքն է ի վերջո: Այսօր մեր հասարակության մի ստվար զանգված քննադատում է և հրապարակավ հիասթափություն հայտնում, թե ինչպե՞ս կարելի էր թույլ տալ, որ Կոնչիտան հաղթի, թեպետ ինքս անլուրջ եմ վերաբերվում Եվրատեսիլին, բայց խնդիրը դա չէ: Մինչդեռ այն ժամանակ, երբ մեկ նախադասության համար դատափետում էին ինձ, ես միայնակ մնացի, իմ կողքին իմ մի քանի ընկերներն էին, ովքեր փորձում էին բացատրել, որ ինչպես որ նրանք ունեն իրավունքներ, այնպես էլ ես ունեմ իրավունք չընդունելու այդ երևույթը: Եվ անկեղծ ասած՝ ինձ համար անհասկանալի էր նաև Orange-ի ղեկավարության դիրքորոշումը: Ես տեղյակ եմ, որ այս տարի ևս ինչ-որ աղմուկ է եղել՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պատմվածքի շուրջ: Եթե խոսում ենք համամարդկային արժեքներից և սեռական փոքրամասնության իրավունքների պաշտպանությունից, ապա իր պատիժը կրող դատապարտյալի հետ, ով անընդհատ փորձում է ապացուցել իր անմեղությունը, այդ կերպ վարվելը դժվար է հասկանալ: Ես չգիտեմ՝ ինչումն է խնդիրը, որ ամեն անգամ մի պատմություն լինում է իրենց մոտ: Համենայն դեպս, արևմտյան արժեքներ դավանող ընկերությունը պետք է որ նման ոճով չաշխատեր: Գուցե նրանք որոշել են իրենց ընկերության վարկանիշը բարձրացնել սև PR-ով: Համենայն դեպս, այս ամենը հիասթափեցնող է>>,- ասում է Պարույր Սանթրոսյանը, ով երդվել է այլևս ոչ մի գրական մրցանակաբաշխության չմասնակցել: Հիշեցնենք, որ Օրանժ գրքի մրցանակ 2013-ի   ժամանակ էլ քվեարկության չէր դրվել ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի <<Դեպի ցմահ ազատություն>> պատմվածքը:

Կարինե Սարիբեկյան

 


Աղբյուր՝ hayeli.am