Տարիներ առաջ ներարգանդային պարույրը համարվում էր հղիությունից պաշտպանվելու բավականին արդյունավետ միջոց, սակայն ժամանակակից գինեկոլոգները պնդում են, որ պարույրը վնասակար է կնոջ առողջության համար, եւ որ հորմոնալ հակաբեղմնավորիչները շատ ավելի անվտանգ են։
«Ես կարծում եմ, որ օրալ հակաբեղմնավորիչները, հատկապես նոր սերնդի, որոնք քիչ հորմոններ են պարունակում, ավելի անվտանգ են, քան ներարգանդային պարույրները», – NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց երիտասարդ բժիշկ Աիդա Սարգսյանը, ով «Գինեկոլոգիայի ակտուլ հարցերը» գիտաժողովի ժամանակ ներկայացրել էր զեկույց «Օրալ հակաբեղմնավորիչներ» թեմայով։
Ի՞նչ վտանգներ է պարունակում ներարգանդային պարույրը։ Անցանկալի կողմնակի ազդեցությունները շատ են, եւ Աիդա Սարգսյանը նշեց դրանցից մի քանիսը.
«Ներարգանդային պարույրը, որը մեծ տարածում ունի Հայաստանում, հատկապես գյուղական վայրերում, իրականում քրոնիկ էնդոմետրիտների՝ տեղային բորբոքային պրոցեսների պատճառներից մեկն է։ Այո, կնոջ ֆերտիլությունը վերականգվում է պարույրը հեռացնելուց հետո, սակայն մենք չենք կարող իմանալ, ինչ հետեւանքներ կարող են ունենալ քրոնիկ էնդոմետրիտները»։
Անշուշտ, օրալ հակաբեղմնավորիչներն էլ ունեն մի շարք թերություններ, որոնց մասին Աիդա Սարգսյանը խոսեց իր ելույթում։
• Հորմոնալ հակաբեղմնավորիչները չեն պաշտպանում սեռավարակներից։
• Այդ հակաբեղմնավորիչների որոշ տեսակներ ավելացնում են թրոմբոզների առաջացման ռիսկը։
• Նրանք կարող են մի շարք կողմնակի ազդեցություններ ունենալ, առաջացնելով գլխացավեր, սրտխառնոց, տրամադրության տատանումներ, բայց սովորաբար այդ կողմնակի ազդեցությունները մի քանիս ամիս հետո անցնում են։
Մյուս կողմից օրալ հակաբեղմնավորիչները մի շարք առավելություններ ունեն, որոնց թվում են.
• 99% արդյունավետություն;
• Դաշտանային ցիկլի կարգավորում;
• Ուռուցքային հիվանդությունների զարգացման հավանականության անկում (հորմոնալ հաբերի մի քանի տեսակ);
• Մաշկի որակի լավացում, ակնէի բուժում;
• Եվ այլն։
Հարկ է նաեւ նշել, որ խորհուրդ չի տրվում ինքնուրույն ընտրել հակաբեղմնավորիչ միջոցներ, ավելի լավ է խորհրդակցել գինեկոլոգի հետ, քանի որ բոլոր հակաբեղմնավորիչները՝ ներառյալ պարույրներն ու հորմոնալ հաբերը, ունեն մի շարք լուրջ հակացուցումներ։